Դոնալդ Թրամփի խոստումը՝ ոչ միայն վերադարձնելու հայ գերիներին, այլև հետամուտ լինելու հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքների գոնե մի մասի վերացմանը, ունի հստակ քաղաքական և հումանիտար նշանակություն․ այսօր նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը;
«Բոլորս գիտենք, որ հայ գերիները Ադրբեջանում փաստացի պատանդներ են բռնապետ Ալիևի ձեռքում։ «Պատանդ» հասկացությունը նշանակում է, որ նրանք օգտագործվում են և կարող են օգտագործվել քաղաքական առևտրի նպատակներով»,-ասել է Բեգլարյանը։
Նա նշել է, որ ԱՄՆ ղեկավարությունն ունի իրական հնարավորություն՝ որպես տարածաշրջանում խաղաղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ, կատարելու մեկ հստակ քայլ, որը կարող է մոտեցնել իրական խաղաղությունը։
«Իհարկե, այդ քայլով մեր ժողովուրդները չեն հաշտվի, և դրանով ամբողջապես չեն վերացվի Արցախի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության հետևանքները։ Սակայն սա կլինի հստակ, մեծ հումանիտար առաջընթաց՝ դրական շարժ դեպի առաջ, որը կբացի նոր հնարավորությունների դռներ հետագա հիմնախնդիրների հասցեագրման և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար»,- ասել է Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում դատապարտվում և խոշտանգվում են հայերը միայն այն պատճառով, որ հայ են։ Այնտեղ գտնվող յուրաքանչյուր հայ ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Եվ քանի դեռ գոնե մեկ հայ գտնվում է ադրբեջանական բանտում, խաղաղություն և հաշտություն հնարավոր չեն։
«Մենք փոխնախագահ Վենսից խնդրում ենք, հորդորում ենք և անգամ պահանջում ենք, որ Բաքու իր առաջիկա այցի ընթացքում հստակ և առաջնահերթ կերպով բարձրացնի․ բոլոր 19 հայ պատանդների անհապաղ ազատ արձակման հարցը, անհայտ ճակատագրերի պարզման ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը, Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանիզմների ներդրումը»,- ասել է Արտակ Բեգլարյանը։