PFL-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը հայտարարել է, որ վստահ է UFC-ի ուժեղագույն մարտիկների, այդ թվում՝ Իլիա Թոփուրիայի և Արման Ծառուկյանի նկատմամբ հաղթանակ տանելու իր ուժերին։
PFL Dubai մրցաշարում Ալֆի Դևիսին երրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթելուց և տիտղոսը վստահորեն պաշտպանելուց հետո Նուրմագոմեդովը մեկնաբանել է UFC-ի թոփ մարտիկների հետ հնարավոր մենամարտերը։
Չեմպիոնի խոսքով՝ այնպիսի մրցակիցների դեմ նախապատրաստությունը, ինչպիսիք են Իլիա Թոփուրիան և Արման Ծառուկյանը, բոլորովին այլ կլիներ, քանի որ նրանք բարձրակարգ և բազմակողմանի զարգացած մարտիկներ են։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով, արդյունքը նույնը կմնար։
«Նրանց դեմ նախապատրաստությունը բոլորովին այլ կլիներ։ Նրանք այլ մակարդակի մարտիկներ են, հատկապես Արմանը․ նա և՛ պայքարում է, և՛ հարվածում։ Բայց արդյունքը նույնը կլիներ»,- ասել է Ուսմանը, փոխանցում է armsport.am-ը:
Խոսելով կոնկրետ Ծառուկյանի դեմ մենամարտի մասին, որն ունի հմտությունների նմանատիպ զինանոց՝ ներառյալ գերիշխող ըմբշամարտը և թերագնահատված հարվածային տեխնիկան, Նուրմագոմեդովը նշել է․
«Ի տարբերություն Արմանի, ես պարտություններ չունեմ»։
Ուսմանը ներկայացնում է Աբդուլմանապ Նուրմագոմեդովի դպրոցը, նրա գլխավոր մարզիչը Խաբիբ Նուրմագոմեդովն է։ Նրա անկյունում պարբերաբար լինում է եղբայրը՝ Ումար Նուրմագոմեդովը, իսկ մարզումային գործընթացին մասնակցում է նաև Իսլամ Մախաչևը։
Դուբայում տարած հաղթանակից հետո Ուսմանը PFL-ի հետ գործող պայմանագրով մեկ մենամարտ ունի անցկացնելու։ Մարտիկի ապագան՝ պայմանագրի երկարաձգումը PFL-ի հետ, թե ազատ գործակալի կարգավիճակով շուկա դուրս գալը, դեռ բաց է մնում, սակայն ըստ ինսայդերների՝ UFC-ի կողմից հետաքրքրությունն ավելի քան իրական է։