9 փետրվարի 2026 – 18:04 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչական դատարանը փետրվարի 6-ին մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցը Բելառուսի դեմ, որով նա պահանջում էր դադարեցնել իր ձերբակալությունները ՀՀ մուտք ու ելքի ժամանակ, որոնք, իր բնութագրմամբ, իրականացվում են Բելառուսի պահանջով՝ քաղաքական դրդապատճառներով։
Բելառուսի իշխանություններն ԱՊՀ շրջանակում Լապշինի հանդեպ հետախուզում են հայտարարել Բելառուսում, որի պատճառով ՀՀ մուտքի և ելքի ժամանակ նրան մի քանի անգամ ձերբակալել են և ժամերով պահել ոստիկանության բաժանմունքում։
Անդրադառնալով այդ որոշմանը՝ Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ դատարանը մերժել է Բելառուսի դեմ հայցը՝ «պաշտպանելով քննադատներին հետապնդելու Լուկաշենկոյի իրավունքը»:
Նա հավելել է, որ «ամոթալի կապը Բելառուսի նման հանցավոր ռեժիմների հետ պետք է վերացնել»:
«Տարվա հիասթափություն, բայց միաժամանակ նաև օգտակար տեղեկություն նրանց համար, ովքեր իրենց համար նոր և անվտանգ տուն են գտել Հայաստանում․․․Այսպես կոչված «իրավական տեռորի» նպատակով (այդպիսի տերմին գոյություն ունի) Բելառուսի իշխանություններն ԱՊՀ շրջանակում իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել՝ Բելառուսում մարդու իրավունքների խախտումները քննադատելու համար։ Այդ պատճառով էլ Հայաստան յուրաքանչյուր մուտքի և ելքի ժամանակ ինձ սկսել են ձերբակալել և ժամերով պահել ոստիկանության բաժանմունքում»,-գրել է Լապշինը:
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է․ «Որքան էլ սիրում եմ Հայաստանը, Երևանի օդանավակայանում նման սկանդալները վնասում են երկրի հեղինակությանը: Ոչ ոք չի ցանկանում իր գումարը ներդնել կամ իր կյանքը կապել մի երկրի, որը հայտարարում է «եվրոպական զարգացման ուղու» մասին, բայց իրականում ձերբակալում է օտարերկրյա լրագրողների՝ պատժամիջոցների տակ գտնվող բռնապետ Լուկաշենկոյի հրահանգով: Այս ամոթալի կապը Բելառուսի նման հանցավոր ռեժիմների հետ պետք է վերացվի, այլ ոչ թե սպասարկվեն նրանց շահերը Հայաստանում»:
Նա հայտնել է, որ դիմելու Է ՄԻԵԴ:
«Ի՞նչ է գրել դատավոր Լիլիթ Սադոյանը որոշման մեջ։ Որ բոլոր պահանջները պետք է ուղղել Բելառուսին. թող իրենք հանեն հետախուզումը, և այդ դեպքում Հայաստանում այլևս չեն ձերբակալի։ Հրաշալի եզրահանգում, որին եկել է հարգարժան դատարանը Բելառուսի վերաբերյալ՝ մի դաժան բռնապետության, որտեղ 33 տարի իշխել է Լուկաշենկոն, որտեղ կան տասնյակ հազարավոր քաղբանտարկյալներ, և որը գտնվում է Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։ Մշակութային շոկ ապրեցի ոչ միայն ես, այլև իմ փաստաբանները՝ Վահագն Գասպարյանը և Էդուարդ Աղաջանյանը։
․․․Որո՞նք են մեր հետագա քայլերը։ Մենք դիմում ենք Վարչական վերաքննիչ դատարան, իսկ եթե բելառուսական «Բատկայի» ձեռքերը հասնեն նաև այնտեղ, ապա բողոք կներկայացնենք Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվ հույս ունեմ, որ ոչ ոք չի կասկածում, որ այդպես էլ կլինի։ Առավել ևս, որ Ադրբեջանին ես արդեն ՄԻԵԴ եմ հասցրել 2021 թվականին, և դատարանը նրանց մեղավոր է ճանաչել անօրինական ձերբակալման, խոշտանգումների և սպանության փորձի համար»,-գրել է նա: