ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակում բարձրացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի հարցը․ Թովմասյան


ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակս այսօր հանձնել եմ։

 

Նամակում առանձնակի ընդգծել եմ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը, որոնք շարունակում են գտնվել ապօրինի կալանքի տակ՝ միջազգային իրավունքի բացահայտ խախտմամբ։ Նրանց պահումն ու ցմահ դատապարտումները ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում են, այլև` քաղաքական ճնշման և շանտաժի գործիք։

 

Միևնույն ժամանակ բարձրացրել եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի խնդիրը։ ՀՀ տարածքներում ադրբեջանական զինված ստորաբաժանումների շարունակական ներկայությունը միջազգային իրավունքի լուրջ խախտում է և ուղիղ սպառնալիք՝ տարածաշրջանային անվտանգությանը։ Սա պահանջում է հստակ միջազգային քաղաքական գնահատական և գործողություն։

Երբ ռազմագերիները պահվում են որպես առևտրի առարկա, իսկ ինքնիշխան պետության տարածքները՝ ուժի կիրառմամբ վերահսկվում են, լռությունը այլևս չեզոք դիրքորոշում չէ։

 

Լռությունը համակեցություն է անարդարության հետ։

 

Հայաստանում և տարածաշրջանում մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների իրավունքները և պետական ինքնիշխանությունը չեն կարող զոհաբերվել աշխարհաքաղաքական հաշվարկներին։

 

Leave a Comment