9 փետրվարի 2026 – 16:11 AMT
PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացրել է օդի որակի չափման վերջին տվյալները, որոնք ստացվել են շինհրապարակներում տեղադրված 186 սարքերից, որի համաձայն հունվարին մայրաքաղաքի օդի որակը գնահատվել է «անառողջի» միջակայքում։
«Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքկը PM 2.5-ի համար կազմել 159 (անառողջ), իսկ PM 10-ի համար 88։ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համար այս երկու ցուցանիշները եղել են՝ PM 2.5-ի համար՝ 137 (անառողջ զգայուն հատվածի համար) և PM 10-ի համար՝ 71», – ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա հայտնել է նաև, որ տվյալ հարթակում ընթանում է կանխատեսումների փորձարկում՝ համադրելով դրանք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հետ։
«Այն հնարավարություն կտա բացահայտելու PM 2.5-ի բարձր ցուցանիշի մարդածին պատճառների բաշխվածությունը», – ասել է վարչության պետը։
Հայկազյանի խոսքով՝ այժմ մշակում են ավտոմեքենաների արտանետումերը չափող սարքերի տեխնիկական բնութագիրը՝ նպատակ ունենալով ձեռք բերել նման սարքեր և պարզել արտանետումների տարածման համաչափությունն ու դրանց ազդեցությունը օդի որակի վրա։ Այդ տվյալների հիման վրա քաղաքապետարանը նախատեսում է մշակել որոշ սահմանափակումներ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իր հերթին անդրադառնալով թեմային, հավելել է. «Մենք որոշակի ճշմարտություններ ենք բացահայտել, որոնք միշտը եղել են մեզ հետ, բայց երբևէ խորացված չեն ուսումնասիրվել»։
Նրա դիտարկմամբ՝ այս սարքերի շնորհիվ հնարավոր է դարձել պատկերացնել այն փոփոխությունները, որոնք արձանագրվել են տարեցտարի։
Նրա խոսքով՝ շրջանառվում են բազմաթիվ ոչ մասնագիտական և կիսատեղեկացված կարծիքներ, որոնց ֆոնին ինքը կարևորում է հստակ ու ամբողջական տեղեկատվության հավաքագրումը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանն այժմ հանդիսանում է այդ տվյալների ամենախոշոր կուտակողը։
«Այս ինֆորմացիայով մենք պետք է կիսվենք քաղաքացիների հետ, որ, կներեք, այդ կիսագրագետ մտքերը քիչ հնչեն, որովհետև այդ կիսագրագետ մտքերը մարդկանց մոտ ստեղծում են որոշակի տպավորություններ: Իրականում մենք որքան տեղեկատվություն ունենանք, պետք է կիսվենք քաղաքացիների հետ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է տեղի ունենում Երևան քաղաքում օդի որակի հետ», – ասել է Երևանի քաղաքապետը։