9 փետրվարի 2026 – 14:36 AMT
PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի շրջանակում քննարկման ենթակա հարցերից մեկը վերաբերում է Իրանի հետ առևտուր իրականացնող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրք սահմանելուն, հայտնում է «Ազատությունը»:
ԱՄՆ նախագահն օրերս Օմանում կայացած իրանական կողմի հետ բանակցություններից հետո փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր, որով լրացուցիչ մաքսատուրք է սահմանել այն երկրների համար, որոնք շարունակում են բիզնես վարել Իրանի հետ։
«Մոտավորապես 50 միլիոն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի Միացյալ Նահանգներ, և բնականաբար, այնտեղ ապրանքներ կան, որոնք էական չափով իրենց մրցունակությունը կկորցնեն նման իրավիճակում», – նշել է նախարարը լրագրողների հետ զրույցում։
Իրանն այս պահին հանդիսանում է Հայաստանի չորրորդ ամենախոշոր առևտրային գործընկերը։ Տնտեսական ոլորտի վերլուծաբանները համոզված են, որ հայ-իրանական առևտրային կապերը առանցքային դեր ունեն երկրի տնտեսության համար։
Երբ նախարարին հարց է ուղղվել՝ արդյոք քննարկվելու է նաև Բաքվում ազատազրկման դատապարտված գերիների հարցը, Պապոյանը արձագանքել է, որ բոլոր հարցերը, որոնք կարող են ներառվել հայ-ամերիկյան օրակարգում, անպայման քննարկվելու են։
Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին կժամանի Երևան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ վարչապետի հետ։ Փետրվարի 10-ին Վենսը մեկնելու է Բաքու։