ԱԺ հանձնաժողովն ընդունեց ՎԶԵԲ-ից ավելի քան 96 մլն եվրո վարկ վերցնելու նախագիծը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար ավելի քան 96 մլն եվրո վարկ վերցնելու նախագծին։

Հանձնաժողովը, մասնավորապես, քննարկել է Հայաստանի ու ՎԶԵԲ-ի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն է վարկային միջոցներ։

Նախարարը նշել է, որ 96,4 մլն-ից 24,101 մլն-ը համաֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը: Պապոյանը հավելել է, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելուն ամենաքիչը 7 կլաստերներում։ Նախատեսվում է, որ կամբողջանա Գորիս զբոսաշրջային կլաստերը: Երկրորդն Արենին է, երրորդը՝ Եղեգիսը, չորրորդը՝ Ջերմուկը: Հաջորդում են Գյումրին, Դիլիջանը, Դվինը, հավելել է Պապոյանը։

Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվել 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից 4 ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

Կառավարությունը նախագծին հավանություն էր տվել 2025-ին։

Leave a Comment