Երևանում մի շարք փողոցներ և նրբանցքներ կանվանակոչվեն

Երևանում մի շարք փողոցներ և նրբանցքներ կանվանակոչվեն

9 փետրվարի 2026 – 12:39 AMT

PanARMENIAN.Net – Երևանի մի շարք փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ կանվանակոչվեն: Հարցն ընդգրկված է փետրվարի 10-ի նիստի օրակարգում:

Նախատեսվում է Դավթաշենի 6-րդ փողոցն անվանակոչել հայ մանկավարժ, պրոֆեսոր և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արշավիր Շավարշյանի անունով։

Բացի այդ, ընդգրկուն ցուցակ է կազմվել՝ Աջափնյակից մինչև Քանաքեռ-Զեյթուն տարածքներում անվանակոչումների համար:

Աջափնյակում, օրինակ, նախատեսվել է անվանակոչել Ս. Լուկաշինի 4-րդ և 5-րդ փողոցները, ինչպես նաև դրանցից սկիզբ առնող ավելի քան 15 նրբանցքներ։ Ավանում փողոցներ ու նրբանցքներ կանվանակոչվեն, իսկ Արաբկիրում անվանակոչություններ կկատարվեն Թբիլիսյան խճուղուց սկիզբ առնող հատվածներում։

Դավթաշենում նոր անուններ կստանան Գ. Աղաբաբյանի և Տաթևիկ Սազանդարյանի անվան փողոցների նրբանցքները:

Փողոցներ ու նրբանցքներ կանվանակոչվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում:

Նոր Նորքում կանվանակոչվեն Դավիթ Բեկի, Մոլդովական և Մինսկի փողոցների նրբանցքները։

Նորք-Մարաշում նախատեսվում է Ս. Խանզադյան փողոցի և Նորքի փողոցի հատման մասից սկսվող և Արմենակյան փողոց հասնող ճանապարհահատվածը միացնել Սերո Խանզադյան փողոցին որպես դրա շարունակությու:

Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի այգեգործական տարածքի մի շարք հատվածներում ևս անվանակոչություններ կարվեն:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նոր անվանում է առաջարկվել Դավիթ Համբարձումյանի անունով փողոցի փակուղիների, ինչպես նաև Թբիլիսյան խճուղու մի հատվածի՝ Քանաքեռի 12-րդ փողոցին միացող տարածքում։

Այս նախաձեռնությունները նպատակ ունեն կարգավորել քաղաքային տեղանվանումները՝ միաժամանակ արժևորելով պատմական, մշակութային ու հասարակական կարևորություն ունեցող անձանց և տարածքների հիշատակը։

Leave a Comment