SpaceX ընկերության գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Լուսնի վրա կարող է հայտնվել առաջին ինքնազարգացող քաղաքը։
«SpaceX-ը արդեն կենտրոնացել է Լուսնի վրա ինքնազարգացող քաղաքի կառուցման վրա, քանի որ դա տեսականորեն հնարավոր է իրականացնել 10 տարուց պակաս ժամանակում»,- գրել է Մասկը՝ հավելելով, որ Մարսի վրա նման քաղաք կառուցելու նախագիծը կպահանջի ավելի քան 20 տարի։
Նրա խոսքով՝ առաջնահերթությունների փոփոխության հիմնական պատճառը Լուսնի լոգիստիկ հասանելիությունն է։ Մասկը նշել է, որ դեպի Երկրի արբանյակ թռիչքների համար մեկնարկային պատուհանները բացվում են մոտ յուրաքանչյուր 10 օրը մեկ, իսկ թռիչքը տևում է ընդամենը երկու օր։ Մինչդեռ, նրա խոսքով, դեպի Մարս տիեզերանավ ուղարկելու հարմար պայմաններ առաջանում են միայն յուրաքանչյուր 26 ամիսը մեկ, իսկ ճանապարհը տևում է մոտ վեց ամիս։
