Ռազմավարական Դիմակայութիւնից Դիւանագիտութիւն. Իրան-Միացեալ Նահանգներ Լարուածութեան Թուլացման Ուղին

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Ամերիկեան եւ իրանական կողմերի միջեւ սպասուող բանակցութիւնները, որոնք նախատեսուած են տարածաշրջանային միջնորդների մասնակցութեամբ, ներկայում, աւելի քան երբեւէ, պահանջում են` խոհեմութիւն, ռազմավարական պատկերացում եւ ճշգրիտ հաշուարկներ: Պարսից ծոցի լարուածութիւնն ու Հնդկաց ովկիանոսում ամերիկեան նաւատորմի տեղակայումը, Իրանի անօդաչու սարքերի մշտական վերահսկողութիւնը եւ տարածաշրջանի երկրների աշխուժ դիւանագիտական միջնորդութիւնը ստեղծում են բազմաշերտ միջավայր, որը յիշեցնում է 20-րդ դարի դասական քաղաքական-ռազմական ճգնաժամերը` Քուպայի հրթիռային ճգնաժամի տրամաբանութեամբ, բայց այժմ` ժամանակակից պայմաններում: Բանակցութիւնների յաջողութիւնը կախուած է ոչ միայն կողմերի քաղաքական կամքից, այլեւ` ռազմավարական զսպուածութիւնից, ռազմական զսպման գործիքների գիտակից կիրառումից եւ բազմաշերտ դիւանագիտական փոխգործակցութեան կայունութիւնից:

Իրանը վերջին տասնամեակում մշտապէս ընդգծել է իր միջուկային ծրագրի խաղաղ բնոյթը եւ իրաւունքը կատարելու իւրանիոմի հարստացում` միջազգային իրաւունքի եւ սեփական անվտանգութեան համար անհրաժեշտ չափորոշիչների շրջանակներում: 2018 թուականին ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկաւ ՀԳՀԾ-ից եւ մտցրեց նոր պատժամիջոցներ, որոնք խոչընդոտեցին ոչ միայն Իրանի տնտեսական եւ արհեստագիտական զարգացմանը, այլեւ մեծացրին տարածաշրջանային լարուածութիւնը: Դրանից յետոյ եւրոպական երկրները, չկարողանալով ապահովել Իրանի համար համաձայնագրային շահաւէտութիւնը, մասամբ նպաստեցին բանակցութիւնների ձախողմանը: Նման պատմական խորապատկերն այսօր սպասուող բանակցութիւնների ուժականութիւնը դարձնում է զգայուն ու բազմաշերտ:

Ամերիկեան կողմի ներկայիս մօտեցումը բնութագրւում է` ռազմավարական ճնշմամբ, պատժամիջոցների կիրառմամբ եւ ռազմական ներկայութեան ցուցադրմամբ: Յատկապէս «Աբրահամ Լինքըլն» օդանաւակիրի տեղակայումը Պարսից ծոցում եւ Հնդկաց ովկիանոսում, յիշեցնում է Պաղ պատերազմի ժամանակների ռազմածովային խուսանաւումները: Նման վարուելակերպը ուղերձ է Իրանի հասցէին եւ ազդանշան` տարածաշրջանային գործընկերներին, որ ԱՄՆ-ն պատրաստ է գնալ ռազմական գործողութիւնների: Միաժամանակ, նման քայլերը ստեղծում են նաեւ ռիսքեր` թիւրիմացութիւնների, սխալ հաշուարկների եւ տարածաշրջանային լարուածութեան տեսանկիւնից:

Իրանի ռազմա-արհեստագիտական կարողութիւնները, յատկապէս` անօդաչու թռչող սարքերի ոլորտում, թոյլ են տալիս Թեհրանին հաւաքելու ռազմավարական բնոյթի տեղեկատուութիւն տարբեր հեռաւորութիւններում եւ բարձրութիւններում: Այն ապահովում է մշտական վերահսկողութիւն եւ զսպման հնարաւորութիւն` առանց անմիջական ռազմական գործողութիւնների դիմելու: Նման բազմաշերտ պատրաստուածութիւնը ցոյց է տալիս, որ Իրանը կարող է հաւասարակշռել ԱՄՆ ճնշումները, սակայն դա պահանջում է զգուշաւոր հաշուարկ, քանի որ ցանկացած սխալ գնահատում կամ ԱԹՍ-ի խոցում կարող է արագ վերածուել լարուածութեան սրման:

Ռազմական հնարաւորութիւնների եւ մշտական վերահսկողութեան շերտը ստեղծում է զգայուն ուժականութիւն, որը միաժամանակ ընդգծում է դիւանագիտական միջնորդութեան կարեւորութիւնը: Թուրքիան, Քաթարը, Եգիպտոսը եւ Օմանն աշխուժօրէն ներգրաւուած են բանակցութիւնների նախաձեռնութեան գործում` փորձելով թուլացնել լարուածութիւնը, կանխել ռազմական հակամարտութեան հաւանականութիւնը եւ պահպանել տարածաշրջանային ուժանիւթային ու տնտեսական կայունութիւնը: Նրանց դերը շատ աւելի մեծ է, քան` պարզապէս դիտորդական կամ միջնորդական: Հարեւան երկրների աշխուժ դիւանագիտութիւնը ստեղծում է որոշակիօրէն հաւասարակշռող մթնոլորտ, որը թոյլ է տալիս երկու կողմերին` Իրանին եւ ԱՄՆ-ին, պահպանելու բանակցային սեղանի շուրջ ներկայութիւնը` առանց անմիջական ռազմական մագլցումի:

Միեւնոյն ժամանակ Իրանի նախաձեռնած տարածաշրջանային խաղաղութեան նոր ծրագիրը եւս մէկ կարեւոր հանգամանք է բանակցութիւնների ընդհանուր պատկերում: Այս ծրագիրը նպատակ ունի ստեղծելու բազմակողմ, հարեւան պետութիւնների մասնակցութեամբ տարածաշրջանային անվտանգային եւ տնտեսական համակարգ, որը կայանում է որպէս «Աբրահամեան խաղաղութեան» եւ «Դարի գործարքի» այլընտրանք` ուղղուած տարածաշրջանային յարաբերութիւնների վերանայմանը եւ Իրանի տնտեսական ու քաղաքական ինքնավարութեան ամրապնդմանը: Իրանը առաջարկում է հարեւաններին դիտորդի կամ աշխուժ մասնակցի կարգավիճակ` ապահովելու համար գործընթացի թափանցիկութիւնը, կանխելու նպատակով սխալ գնահատումների ռիսքերը եւ պատրաստ է բանակցութիւններին միայն հաւասար դիրքերից` փոխադարձ յարգանքի եւ շահերի սկզբունքի հիման վրայ: Նման նախաձեռնութիւնը ստեղծում է հնարաւորութիւն` երկարաժամկէտ կայուն խաղաղութեան ապահովման համար, որը կարող է նուազեցնել ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների մագլցումի ռիսքերը:

Իրանի դիրքորոշումը միջուկային ոլորտում յստակօրէն սահմանւում է` ընդգրկելով միայն հարստացման իրաւունքի ճանաչման եւ պատժամիջոցների վերացման պահանջը, ինչը ցոյց է տալիս բանակցային տրամաբանութիւն եւ համաչափութիւն: Իրանը մերժել է այլ հարցերի ընդգրկումը բանակցային օրակարգում, քանի որ դրանք չեն համապատասխանում իր ռազմավարական շահերին եւ խաղաղ միջուկային ծրագրի պահպանման սկզբունքներին: Այս որոշակիութիւնն ու ճշգրտութիւնը պարզ է դարձնում Իրանի համար ընդունելի բանակցային շրջանակը` չնայած արտաքին ճնշումներին եւ շուտափոյթ սպասումներին:

Բանակցութիւնների բարդութիւնը կրկնապատկւում է աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործօնների պատճառով: ԱՄՆ-Իրան սկզբունքային հակասութիւններից բացի` աշխարհաքաղաքական ու ուժանիւթային շահերը, հարաւային Ասիայում եւ Պարսից ծոցի երկրներում նաւթային հոսքերի հնարաւոր խափանումները եւ տարածաշրջանային անվտանգութեան ապահովումը ստեղծում են բազմաշերտ խնդիրներով յագեցած ուժականութիւն, որը կողմերի ռազմավարական դիրքաւորման հետ համադրմամբ, ձեւաւորում է եզակի աշխարհաքաղաքական միջավայր, որտեղ ցանկացած սխալ հաշուարկ կարող է անմիջապէս վերածուել լուրջ մագլցումի:

Սպասուող բանակցութիւնների անխափան ընթացքը պայմանաւորուած է մի քանի հիմնական գործօններով. Իրանի օրինական իրաւունքների ճանաչումից եւ նրա շահերի նկատմամբ յարգանքից, ԱՄՆ-ի իրատեսական եւ հաւասարակշռուած մօտեցումից, ինչպէս նաեւ տարածաշրջանային երկրների աշխուժ, բայց հաւասարակշռուած միջնորդական դերակատարութիւնից: Այս բանակցութիւնները պէտք է դիտարկել ոչ միայն միջուկային հարցերի, այլեւ տարածաշրջանային խաղաղութեան, տնտեսական համագործակցութեան եւ երկարաժամկէտ կայունութեան հնարաւորութեան տեսանկիւնից: Իրանը, պահպանելով իր ռազմական պատրաստուածութիւնը եւ դիւանագիտական աշխուժութիւնը, ցոյց է տալիս, որ պատրաստ է երկխօսութեան, սակայն արդիւնքը կախուած է ոչ միայն իր դիրքորոշումից, այլեւ ԱՄՆ-ի իրական կամքից եւ միջնորդների կարողութիւնից` նուազեցնելու սխալ գնահատումների ռիսքերը:

Վերլուծելով խնդրի բոլոր շերտերը` կարելի է եզրակացնել, որ Իրանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւնները ներկայում ստեղծում են բարդ, բայց վերահսկելի ուժականութիւն: Իրանը ներկայացնում է բազմաշերտ ռազմավարութիւն` համադրելով դիւանագիտական նախաձեռնութիւնները, տարածաշրջանային խաղաղութեան առաջարկները եւ ռազմա-արհեստագիտական զսպման գործիքակազմը, փորձելով ապահովել հաւասար դիրք բանակցային սեղանի շուրջ: Միաժամանակ, ԱՄՆ-ի ռազմավարական գործողութիւնները եւ միջուկային ու տարածաշրջանային քաղաքական մօտեցումները մշտապէս ազդում են բանակցային մթնոլորտի վրայ` աւելացնելով լարուածութեան շերտը: Հարեւան երկրները` դիտորդների եւ միջնորդների կարգավիճակով, պահպանում են գործընթացի թափանցիկութիւնն ու նուազեցնում թիւրիմացութիւնների եւ լարուածութեան սրման վտանգը:

Այս բոլոր գործօնները միասին ստեղծում են եզակի իրավիճակ, որտեղ բանակցութիւնների յաջողութիւնը չի սահմանափակւում միայն դիւանագիտական կամ միջուկային հարցերով, այլ ընդգրկում է տարածաշրջանային անվտանգային եւ տնտեսական համակարգերի վերափոխումը` իրատեսական մօտեցման ցուցադրմամբ: Իրանի առաջարկած տարածաշրջանային խաղաղութեան նոր ձեւաչափը կարող է դառնալ երկարաժամկէտ, կայուն եւ բազմաշերտ լուծում, որը թոյլ կը տայ նուազեցնել լարուածութիւնը եւ ապահովել տարածաշրջանային համագործակցութիւն` համակցելով անվտանգութեան, տնտեսութեան եւ դիւանագիտական գործիքակազմերը:

Խոհեմութիւնը, համաչափութիւնը եւ փոխադարձ յարգանքը մնում են խաղաղութեան եւ կայունութեան հիմնական երաշխիքները` թոյլ տալով կառուցել տարածաշրջանային եւ ռազմավարական հաւասարակշռութեան կայուն ձեւաչափ, որտեղ կողմերի իրատեսական ռազմավարական հաշուարկները եւ խաղաղութեան նոր նախաձեռնութիւնները կ՛ապահովեն բանակցութիւնների երկարաժամկէտ յաջողութիւնը եւ տարածաշրջանային կայունութիւնը:

 

Leave a Comment