Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձին «գործարք» կկնքի՞, թե՞ կձևավորի «եռյակ»

Փետրվարի 8-ին կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական տեղեկատվությունը ժլատ է, զրուցակիցները «քննարկել են երկկողմ հարաբերությունների, հայ-ադրբեջանական կարգավորման, տարածաշրջանում լարված իրավիճակի հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանու ներքո գործող «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի» շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին «հետաքրքրել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Բաքու այցը», իսկ Բայրամովը «հետաքրքրվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սաուդյան Արաբիա և Եգիպտոս այցելությամբ»:

Եթե այս տպավորությունը հիմքեր ունի, ապա կարելի է, թերևս, արձանագրել, որ Իրանի շուրջ և տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի ընդկալումները «հակոտնյա են» կամ առնվազն այս փուլում նույնական չեն:

Axsios-ի տեղեկություններով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 19-ին Վաշինգտոնում վերջերս իր անունով կոչված՝ Խաղաղության ինստիտուտի նստավայրում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը գումարելու «նախապատրաստություններ է տեսնում»:

Լրատվամիջոցի աղբյուրներն ասել են, որ «նիստին հրավիրվել է ավելի քան վաթսուն երկիր»: Հետխորհրդային տարածքի պետություններից հրավեր է ուղարկվել «Ղազախստանին, Ուզբեկստանին, Հայաստանին և Ադրբեջանին»: Դավոսում «Խաղաղության խորհրդի» հիմնադրման արարողությանը Թուրքիան ներկայացրել է արտգործնախարար Ֆիդանը:

Փաստացի ստացվում է, որ Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստը, որ ենթադրաբար նվիրված կլինի Գազայում կայունության հաստատման և վերականգնողական ծրագրերի հաստատմանը, կգումարվի ԱՄՆ փոխնախագահ Վենսի Երևան և Բաքու այցից ոչ ավելի, քան մեկ շաբաթ հետո:

Միացյալ Նահանգների նախագահի անձնական հեղինակության համար մեծ կարևորություն ունեցող այդ խորհրդաժողովին Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն մակարդակով մասնակցությունն, ըստ ամենայնի, կախված է Վենսի այցի արդյունքներից:

Բաքվում Ալիև-Վենս բանակցությունների ո՞ր «շերտն է» Թուրքիայի համար կարևոր, որ Ֆիդանը «ներկայացրել է» Բայրամովին, այդ «անհանգստությունն» ինչպե՞ս է փարատվել, փարատվե՞լ է, թե՞ Բայրամովն էլ իր հերթին «հակընդդեմ հայց է ներկայացրել և դժգոհել», որ Էրդողանը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ անվտանգային միջավայր է ձևավորում՝ «անտեսելով Ադրբեջանի ազգային շահերը»:

Թուրքիայի համար, անշուշտ, առավել ձեռնտու կլիներ, որ ԱՄՆ-ը տարածաշրջանային նոր ճարտարապետության քննարկմանը չներգրավեր Ադրբեջանին, իսկ Հայաստանն առհասարակ լիներ «գործընթացի սուբյեկտ»:

ԱՄՆ նախագահը, մինչդեռ, հրապարակային քաղաքական դրսևորումներում հետևողականորեն առանձնացնում է Հայաստանին և Ադրբեջանին՝ երկու երկրներին գնահատելով նույն չափորոշիչներով:

Տնտեսական, առեւտրային և կոմունիկացիոն նախագծումներում, ինչ խոսք, Ադրբեջանի ծավալա-քաշային կշիռն այլ է, բայց իրավաքաղաքական «հավասարումներում» Երևանը և Բաքուն «հավասարազոր գործակիցներ են»:

Դա արդեն իսկ անվտանգային, հայ-ադրբեջանական «խաղաղության միջավայրի» բաղադրիչ է, որ պետք է հասցվի ինստիտուցիոնալ ամրագրման մակարդակի: Խնդիր է, թե ե՞րբ և ի՞նչ ձևաչափով հնարավոր կլինի հասնել ԱՄՆ հետ իրավա-պայմանագրային գործընկերության: Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձին «գործարք» կկնքի՞, թե՞ կձևավորի «եռյակ»:

Leave a Comment