Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է մեկ շաբաթվա ընթացքում հարկադրված լինել հրաժարական տալ։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իշխանական «Լեյբորիստական կուսակցության» աղբյուրներին։
Նման խոսակցությունների առիթ է դարձել Պիտեր Մանդելսոնի նշանակման շուրջ սկանդալը՝ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում։
Մանդելսոնը հայտնի է նրանով, որ ընկերական հարաբերություններ է ունեցել մանկապղծության մեջ մեղադրված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Այս սկանդալն արդեն հանգեցրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան Մաքսվինիի հրաժարականին, որը փետրվարի 8-ին վայր է դրել իր լիազորությունները։
Bloomberg-ի տվյալներով՝ իշխող Լեյբորիստական կուսակցությունից մի շարք պատգամավորներ զարմացած են մնացել այն փաստից, որ Սթարմերը մինչ օրս շարունակում է պահպանել իր պաշտոնը։
Ինչպես նշում է գործակալությունը, Դաունինգ սթրիթ 10-ի աշխատակազմի որոշ աշխատակիցներ մասնավոր զրույցներում կոչ են անում կառավարության անդամներին համոզել վարչապետին հրաժարական տալ, կամ էլ իրենք են լքում նախարարական կաբինետը՝ նրա հեռացումը հրահրելու նպատակով։