Հայաստանի ՊՆ-ն հնդկական և հայկական արտադրության սպառազինության նմուշներ է ցուցադրել

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանիին հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները:

Գերատեսչության հաղորդագրությունում չեն նշվում ցուցադրված զինատեսակների անվանումները։ Սակայն ՊՆ-ի հրապարակած տեսանյութում երևում են ինքնագնաց և քարշակվող հրետանային համակարգեր, մասնավորապես՝ հնդկական արտադրության 155 մմ/39 ինքնագնաց հաուբից MArG 155, որի հնարավոր ձեռքբերման մասին Հայաստանի կողմից 2022-ին հաղորդել էին ԶԼՄ-ները։

Բացի այդ, տեսագրությունում երևում են Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգը և Akash զենիթահրթիռային համալիրը (երկուսն էլ հնդկական արտադրության են, դրանց հնարավոր ձեռքբերման մասին Հայաստանի կողմից նույնպես ավելի վաղ հաղորդվել էր-խմբ․), տարբեր դասերի և նշանակության անօդաչու համակարգեր, ավիացիոն ռումբերի պլանավորման և ուղղման մոդուլ և այլ միջոցներ։

2022 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը ստորագրել է Հնդկաստանից զինատեսակների մատակարարման 244 մլն դոլարի պայմանագիր, այդ թվում՝ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ 2024 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից սպառազինությունների խոշորագույն ներմուծողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024-2025 ֆինանսական տարվա մեկնարկին Հայաստանի կողմից Հնդկաստանից ներմուծված զինատեսակների ընդհանուր ծավալը հասել է 600 մլն դոլարի։

Leave a Comment