ՀՀ-ն ձգտում է ՌԴ հետ զարգացնել փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության նկատմամբ հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, ՀՀ ԱԳՆ 2025թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։ Քննարկմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միրզոյանն ընդգծել է, որ տարին խիստ արդյունավետ էր ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման իմաստով, «ինչն ապահովել է կոնկրետ շոշափելի արդյունքներ և իր շարունակությունը կունենա նաև ընթացիկ տարում»:
Նշվում է, որ ամփոփվել են տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ, ինչն իր արտահայտումը գտավ նաև տարեվերջին Գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի ընդունմամբ:
Ըստ Միրզոյանի՝ անցած տարվա թիվ մեկ առաջնահերթությունն էր խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքներն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:
Փետրվարի 2-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման քաղաքականությունը չի նշանակում ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունից հրաժարում։
