Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դահլիճում երեկ օդը խտացել էր՝ ոչ աղմուկից, այլ ժամանակակից լեգենդների սպասումից։ Նրանք՝ ի դեպ, համատեղ ելույթ էին ունենում առաջին անգամ։
Այդ լռության մեջ բեմ բարձրացան վիրտուոզ դաշնակահար Հայկ Մելիքյանը և Կոմիտասի անվան լեգենդար քառյակը՝ միավորում, որը դեռ առաջին ակորդից հուշում է, որ խոսքը պարզապես ծրագրի մասին չէ, այլ՝ մտածված, ներքին տրամաբանություն ունեցող երեկոյի։
Մալերի դաշնամուրային կվարտետը, կարծես, բացեց մեկ այլ դուռ՝ դեպի անավարտի, չասվածի, ընդհատված մտքի աշխարհ։ Այստեղ երաժշտությունը մշտապես կարծես գտնվում էր եզրագծին՝ կամ պիտի պայթեր, կամ պիտի լռեր։
Հայկ Մելիքյանի դաշնամուրային հնչյունը դարձավ այդ լարվածության կենտրոնը՝ սուր, երբեմն խոցող, բայց միշտ՝ վերահսկված։

Քառյակը Մալերի մեջ չէր փնտրում սիմֆոնիկ լայնություն․ նրանք ընտրել էին ինտիմ ճանապարհը, որտեղ յուրաքանչյուր ֆրազ հնչում էր որպես ներքին կասկած, որպես դեռ չձևակերպված ճակատագիր։ Այդ հատվածում դահլիճը բառացիորեն սառեց․ երաժշտությունը ստիպում էր ոչ թե լսել, այլ մտածել …
Իսկ ահա Շումանի դաշնամուրային կվինտետը հրաշալի էր պարզապես ու հնչեց ոչ թե որպես ռոմանտիկ ժանրային գլուխգործոց, այլ՝ որպես հոգեվիճակների դրամատիկ քարտեզ։ Մելիքյանի դաշնամուրը այստեղ չէր ձգտում գերիշխել․ նա ավելի շուտ շնչում էր քառյակի հետ, երբեմն առաջ մղելով երաժշտական հոսքը, երբեմն՝ նահանջելով՝ թողնելով լարայինների խոսքը դառնալ ներքին մենախոսություն։
Կոմիտասի քառյակը՝ իր միասնական փորձով, ստեղծեց այն հազվագյուտ ներդաշնակությունը, երբ յուրաքանչյուր գործիք պահպանում է իր անհատականությունը, բայց երբեք չի խախտում ընդհանուր շնչառությունը։ Շումանի դրամատիզմը այստեղ ձեռք բերեց զուսպ ազնվականություն․ առանց ավելորդ պաթոսի, առանց «մեծ զգացմունքների» ցուցադրականության։ Սա Շուման էր՝ խորքից եկող, խոցելի, բայց ներքին ամրությամբ։
Տեսանյութը՝ տես այստեղ
Եվ հենց այդ լրջության, այդ մտավոր ծանրության ֆոնին բիսը դարձավ ոչ թե թեթևացում, այլ՝ սուր շրջադարձ։ Ալեքսանդր Հարությունյանի «Սասունցիների պարը» հնչեց որպես արմատական հիշեցում, թե որտեղից է գալիս այս ամբողջը։ Այստեղ Հայկ Մելիքյանի դաշնամուրը ձեռք բերեց այլ բնույթ՝ կոշտ, հողի հոտ ու ուժ ունեցող, ռիթմիկ, գրեթե մարտական։ Քառյակը դարձավ ոչ թե ուղեկից, այլ համախոհ՝ ստեղծելով մի էներգիա, որ դուրս էր գալիս ակադեմիական դահլիճի սահմաններից։ Սա արդեն ոչ թե պարզապես բիս էր, այլ ինքնության հաստատում։
Այս համերգը կարևոր էր ոչ միայն ծրագրի ընտրությամբ, այլ՝ մտածողության մակարդակով։ Այստեղ չկար պատահականություն։ Շուման, Մալեր և Հարությունյան՝ երեք տարբեր աշխարհներ, բայց միևնույն երեկոյում նրանք խոսեցին նույն հարցի շուրջ՝ մարդու ներքին լարվածության, հիշողության և արմատների մասին։ Հայկ Մելիքյանը և Կոմիտասի անվան քառյակը այս երեկոյին հանդես եկան ոչ թե որպես կատարողներ, այլ՝ որպես համահեղինակներ, որոնք երաժշտությունը վերածեցին կենդանի, մտածող նյութի։
Դահլիճից դուրս գալուց հետո զգացողությունը պարզ էր․ սա այն տեսակ համերգներից էր, որ ավարտվում է ոչ թե վերջին ակորդով, այլ շարունակվում է ներսում։ Լուռ, երկար, համառ ․․․
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը վաղուց արդեն պարզապես համերգասրահ չէ․ այն կենդանի մշակութային օրգանիզմ է, որտեղ ձևավորվում է լսողության ճաշակ, խթանվում է մտածող ունկնդիրը և շարունակվում է հայկական ու համաշխարհային ակադեմիական երաժշտության կենսական զարկերակը։ Կենտրոնի այսօրվա գործունեությունը առավելապես առանձնանում է ծրագրային խիզախությամբ՝ դասականի և ժամանակակցի հավասարակշռված ներկայությամբ, սերունդների միջև երկխոսություն կառուցելու հետևողականությամբ և բարձր պրոֆեսիոնալ չափանիշներով։ Դահլիճում բացվող տարածական ներդաշնակությունը կարծես խորհրդանշի հենց այս գաղափարը․ կենտրոնացած ուշադրություն, մաքուրին ձգտող ակուստիկա և երաժշտության շուրջ հավաքված համայնք։ Սա մի վայր է, որտեղ երաժշտությունը ոչ միայն հնչում է, այլ կրթում, միավորում և ներշնչում ․․․
Սիմոն Սարգսյան
Հ․Գ․ Ի դեպ, փոքր տարիքից՝ ծնողներիս հետ, այցելել եմ այս դահլիճ՝ համերգների, մեր ընտանիքում այն անվանում էին՝ խորհրդային տարիներին շատերը, Կոմիտասի բուրգ ․․․
