Ոստիկանության պաշտոնյան կեղծ վարչական արձանագրություններ է կազմել 13 քաղաքացու վերաբերյալ

Ոստիկանության պաշտոնյան կեղծ վարչական արձանագրություններ է կազմել 13 քաղաքացու վերաբերյալ

6 փետրվարի 2026 – 19:04 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության տրամադրած նյութերի հիման վրա սկսված քրեական վարույթով, պարզել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձը կազմել է կեղծ վարչական արձանագրություններ՝ 13 քաղաքացու վերաբերյալ։

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ նշված պաշտոնյան 2023-ի հունվարի 4-ից մինչև ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում 13 քաղաքացու կողմից օրենքով նախատեսված վարչական որևէ իրավախախտում կատարած չլինելու պայմաններում, առանց վերջիններիս մասնակցության, նրանց վերաբերյալ կազմել է իրավաբանական պատասխանատվություն առաջացնող 17 կեղծ արձանագրություն՝ դրանք դնելով պաշտոնական շրջանառության մեջ:

Նույն աղբյուրի համաձայն՝ նշված քաղաքացիներից յուրաքանչյուրին նշանակվել է 50,000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Հանցանքի արդյունքում, պաշտոնատար անձի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ 17 առանձին դրվագով։

Որպես խափանման միջոց ընտրվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը, ինչպես նաև կիրառվել է պաշտոնավարման կասեցում։

Քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ հետագա դատական ընթացքի համար։

Leave a Comment