Թրամփը հեռացրել է տեսանյութը, որտեղ Բարաք Օբաման և նրա կինը պատկերված էին կապիկների կերպարներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցից հեռացրել է այն տեսահոլովակը, որտեղ պատկերված էին կապիկներ՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշելի դեմքերով։ Տեսանյութը Թրամփի էջում այլևս առկա չէ։

Օբամա ամուսինների մասնակցությամբ դրվագը հայտնվում էր հոլովակի վերջում, որը նվիրված էր 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ենթադրյալ կեղծիքների թեմային։ Էկրանին կարճ անցումից հետո հայտնվում էր Բարաք և Միշել Օբամաների պատկերներով դրվագը՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմից հայտնի “The Lion Sleeps Tonight” երգի ուղեկցությամբ, ինչից հետո հոլովակը կրկին վերադառնում էր ընտրությունների թեմային։

Սպիտակ տունը հերքել է հրապարակման մեջ ռասիստական ենթատեքստի վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ խոսքը վերամշակված ինտերնետային մեմի մասին է, որտեղ հանրապետական Թրամփը ներկայացված է որպես «ջունգլիների արքա», իսկ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները՝ որպես անիմացիոն ֆիլմի հերոսներ։

CNN-ի տվյալներով՝ տեսանյութը հրապարակվել է սխալմամբ՝ վարչակազմի աշխատակիցներից մեկի կողմից։ Հեռուստաալիքի աղբյուրները նաև հայտնում են, որ միջադեպից հետո մի քանի հանրապետական կոնգրեսականներ կապ են հաստատել Թրամփի հետ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Leave a Comment