Ծառուկյանը հայտնել է վարչապետի երեք թեկնածու ունենալու մասին – Armenia Today

«Առաջարկ Հայաստանին» շարժման նախաձեռնող, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտնել է իր գլխավորած քաղաքական ուժից վարչապետի երեք թեկնածու ունենալու մասին։ Նա բացառել է վարչապետի պաշտոնում առաջադրվելը։

Նա նրանց բնութագրել է որպես «մեկը մեկից գրագետ, ուժեղ, պատրաստված», բայց անուններ չի նշել։

«Մենք պետք է մոռանանք՝ նախկիններ, ներկաններ, խոսում ենք ապագայից։ Մեր երկրին պետք է ապագա։ Այնպես որ մոռանանք նախկինը, հինն ու նորը»,- ասել է Ծառուկյանը՝ մեկնաբանելով թեկնածուների հնարավոր կապը նախորդ և ներկա իշխանությունների հետ։

Նա հավելել է, որ իր քաղաքական ուժի թեկնածուները պարտադիր չէ, որ կուսակցական լինեն։ Ծառուկյանը գլխավորը համարել է մարդկանց միավորելը և ճգնաժամից դուրս գալու ելք գտնելը։ Նրա խոսքով՝ կուսակցության համար առաջնահերթությունը մանդատների քանակը և ուժին անդամակցությունը չէ, այլ պետության համար արդյունքներն ու շահերը։

Խոսելով Արցախում պատերազմի հետևանքների մասին՝ նա հայտարարել է, որ հայ հասարակությունն ընկճված է։

«Աշխարհում չկա մի հարց, մի խնդիր, որ լուծում չունենա, բոլորն էլ լուծում ունեն։ Մենք չենք կարող խեղճացած մնալ. սա ամոթ է ամբողջ հայության համար։ Պարտավոր ենք միասնական քննարկել և իրականացնել՝ աշխարհին ապացուցելու համար։ Եթե այդ խեղճությունից դուրս գանք, բոլորը մեզ կհարգեն։ Խեղճությունը մեր թշնամին է»,- ասել է նա։

2025 թվականի սեպտեմբերի 18-ին Ծառուկյանը հայտարարել էր նոր թիմի ձևավորման և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Ավելի ուշ, «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական նախաձեռնության շրջանակներում, նա առաջարկել էր սոցիալական կոնսոլիդացիա սկսել երեք հիմնական ուղղություններով:

Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրն է և մինչև 2020 թվականը Ազգային ժողովի պատգամավոր էր: 2004 թվականից ի վեր գործարարը նաև գլխավորում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Անցյալ տարվա մայիսին նա չէր բացառել 2026 թվականի ընտրություններին մասնակցությունը և ներկայացրել էր «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը։

Leave a Comment