Iravaban.net-ը՝ «Կանայք՝ օրենսդիրում» նախագծի շրջանակներում զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։
- ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ծնվել է 1981թ. մարտի 24-ին՝ Հրազդան քաղաքում։
- 2002թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004թ.՝ նույն ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնի մագիստրատուրան: 2011-2015թթ. եղել է նույն ֆակուլտետի հայցորդ: Քաղաքական գիտությունների թեկնածու:
- 2002-2003թթ. եղել է Հրազդանի քաղաքապետարանի կադաստրի բաժնի մասնագետ: 2007-2010թթ.՝ ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Կոտայքի մասնաճյուղի պատմության եւ հասարակագիտության մասնագետ:
- 2017-2018թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական: 2017թ. հոկտեմբեր-2018թ. հուլիս՝ ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի տնօրեն: 10.07.2018-21.11.2018թթ.՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 14.11.2018-14.01.2019թթ.՝ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար:
- 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Տիկին Ստեփանյան, ինչպե՞ս կգնահատեք ձեր գործունեությունը Ազգային ժողովում այս փուլում։
Իրականում մենք բավականին զբաղված ենք 2021 թվականից մինչև այս օրը․ կարծես մեկ շնչով է անցել այդ ժամանակահատվածը։ Այն այնքան խիտ է եղել՝ աշխատանքային գրաֆիկը, քաղաքացիների ընդունելությունը, աշխատանքային քննարկումները և այլն, որ ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Ես ինքս ինձ չեմ կարող գնահատել․ կարծում եմ՝ առիթ կլինի, և ոչ միայն իմ, այլ նաև մեր աշխատանքը 2026 թվականի հունիսին կգնահատեն քաղաքացիները։
Ի՞նչ սկզբունքներ են առաջնորդում ձեզ պատգամավորական աշխատանքում։
Իրականում մեր աշխատանքի հիմքում դրված են տարբեր սկզբունքներ, որոնցից շատերը օրենքով են ձևակերպում ստացել, բայց կա մեկ բանաձև, որը, կարծում եմ, ինձ և շատ հանրային ծառայողների համար կարող է լինել հաջողության բանաձևը։ Դա քաղաքացիների հետ շփումն է․ երբ տարբեր քաղաքացիներ՝ տարբեր մարզերից, ամենատարբեր խնդիրներով դիմում են։ Երբեմն քաղաքացիները կարող են տրամաբանությունից դուրս հարցեր տալ, բայց բոլոր հարցերին ես անպայման աջակցում եմ, որովհետև միշտ ինձ դնում եմ նրանց տեղում։
Որո՞նք են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց վրա այս պահին աշխատում եք։
Այս պահին շատ կոնկրետ մի նախագիծ կա, որը հենց իմ կողմից պետք է հեղինակվի։ Այն հետևյալն է․ մենք արտերկրում ունենք շուրջ չորս–հինգ պետություններում գործող հայկական կրթօջախներ, որտեղ ուսանում են հայ ընտանիքների երեխաները։ Հատկապես հումանիտար առարկաների դեպքում՝ հայագիտական ուղղվածությամբ, որոնք ձևավորում են արժեքային համակարգը, սովորաբար այստեղից ուսուցիչներ են գնում։ Նրանք մասնակցում են մրցույթի և մեկնում այնտեղ դասավանդելու։ Դասավանդումը կարող է լինել մեկ տարուց մինչև առավելագույնը երեք տարի ժամկետով։
Սակայն այստեղ կա մի նյուանս․ մրցույթին մասնակցում են, բնականաբար, լավագույն ուսուցիչները։ Տնից հեռու գտնվելու, մասնագիտական և այլ մարտահրավերները կարողանում են հաղթահարել ուժեղները՝ ամեն առումով ուժեղները, իրենց ոլորտում առաջատարները։ Սակայն նրանք այստեղ լուծարում են իրենց աշխատանքային պայմանագիրը և մեկնում այնտեղ՝ պետական ծրագրերի շրջանակում կամ աշխատանքային պայմանագրով իրենց պարտավորությունները իրականացնելու։
Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Թագուհի Մանուկյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան