Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է ԱԳՆ։ Դեսպանին բողոքի նոտա են հանձնել Կոնստանտին Զատուլինի՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ կայացված դատավճռի վերաբերյալ հայտարարության համար։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում արտահայտվել է դժգոհություն Զատուլինի հայտարարությունների առնչությամբ՝ նշելով, որ դրանք, ըստ ադրբեջանական կողմի, վերաբերում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերին, ինչպես նաև դատական գործընթացների գնահատականներին, որոնք կապված են «խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական գործողությունների ընթացքում արձանագրված դեպքերի հետ»։
Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմին կոչ է արվել ձեռնարկել համապատասխան քայլեր՝ կանխելու այնպիսի հայտարարություններն ու գործողությունները, որոնք, Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ, կարող են բացասաբար ազդել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա։
