Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան և Բաքու այցից առաջ կոչ է արել Դոնալդ Թրամփի վարչակազմին քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումն ապահովելու համար, հայտնում է Catholic Vote-ը:
Դավիթ Վարդանյանի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահը, որը նախկինում հանդես է եկել տարբեր երկրներում քրիստոնյաների հետապնդումների դեմ, կարող է նպաստել հայ գերիների ազատ արձակմանը՝ տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփումների միջոցով:
«Սա եզակի հնարավորություն է ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահը խոսքը քամուն չեն տալիս», – ընդգծել է նա:
Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին հայտնել էր, որ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծն առաջ մղելու համար։
Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցով Վենսին դիմել էին Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպություններ, 10-ից ավելի հայկական բարեգործական և մարդասիրական կազմակերպություններ։ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել էր բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատումը։
