Բաքվում պահվող հայերի հարցով դիմել են փոխնախագահին․ Նավասարդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաքվում պահվող հայերի հարցով դիմել են փոխնախագահին․ Նավասարդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաքվի ռազմական դատարանում ավարտվեց ԼՂ նախկին ռազմաքաղաքական առաջնորդների և մյուս գերիների դատաքննությունը։ Այսօր հրապարակվել են նրանց դատավճիռները։

Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանն ու Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման. ադրբեջանական օրենսդրությամբ, 65-տարեկանից բարձր անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում չի կիրառվում։

Radar Armenia-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց՝ խաղաղության գործընթացը և Բաքվում ընթացող դատավարությունները պետք է դիտարկել որպես տարբեր, բայց փոխկապակցված գործընթացներ։

Նրա խոսքով՝ դատավարությունները բխում են Ադրբեջանում ձևավորված քաղաքական միտումից, ըստ որի՝ արցախյան հակամարտության միակ պատասխանատուն և մեղավորը հայկական կողմն է։ Ըստ Նավասարդյանի՝ եթե անգամ չի բացառվում Բաքվում գերեվարված անձանց վերադարձի հարցը, դատավճիռներ, այնուամենայնիվ, պետք է կայացվեն։

Չնայած խիստ դատավճիռներին՝ Նավասարդյանը կարծում է, որ հարցը փակված չէ, և կարող է կապվել խաղաղության գործընթացի հետ։ Նրա խոսքով՝ գործընթացում իրենց դերակատարությունը կարող են ունենալ նաև միջազգային գործընկերները։

Ինչ վերաբերում է Հայաստանի քայլերին, ապա, ըստ նրա, անհրաժեշտ է շարունակել ինչպես պաշտոնական բանակցությունները, այնպես էլ ոչ ֆորմալ երկխոսությունը քաղաքացիական հասարակությունների, իրավապաշտպանների և լրագրողների միջև։

Բորիս Նավասարդյանը հավելեց՝ թեև գործընթացի շուրջ կան մտահոգություններ, ինչի մասին վկայում էին նաև Աբու Դաբիում հանդիպումների ընթացքում պատվիրակությունների արձագանքները, խաղաղության բանակցությունները պետք է շարունակվեն՝ անկախ ներքաղաքական լարվածությունից և հանրային քննադատություններից։

Leave a Comment