«Ի դեպ»․ Մեկ միլիոն կստանաք, եթե ապրեք մեկ դար

Ի դեպ, կառավարությունը որոշում է կայացրել միանվագ մեկ միլիոն դրամ գումար հատկացնել հարյուր տարին լրացած անձանց։
Հետաքրքիր պատկեր է ստացվում․ երբ Նիկոլ Փաշինյանին 65 տարեկանը լրացած անձինք պահանջում են թոշակները բարձրացնել, նա ասում է՝ դուք չեք իմանա այդ գումարը որտեղ ծախսել, այնինչ այդ տարիքի մարդիկ բազմաթիվ ծախսելու տեղ ունեն՝ դեղորայքից մինչև, օրինակ, տաք հագուստ։ Փոխարենը կառավարությունն ասում է՝ որպեսզի քեզ փող տամ, պիտի մի դար ապրես։
Կառավարությունը նույն կարծիքը չունի պատգամավորների, նախարարների մասին և տարիքը չի հարցնում, երբ 3-8 միլիոն պարգևավճար է բաժանում։
Ի վերջո, ստացվում է պարզ բանաձև․ եթե ուզում ես պետությունից միանվագ աջակցություն ստանալ, նախ պետք է ապացուցես, որ կարողացել ես մի ամբողջ դար գոյատևել առանց դրա։
Մինչ այդ՝ 36 կամ 40 հազար դրամով փորձիր հաղթահարել գների աճը, դեղերի թանկացումը, կոմունալ վճարները և… պարզապես ապրել։
Իսկ գուցե թոշակների բարձրացումը «վտանգավոր» է, որովհետև մարդիկ կսկսեն ավելի լավ ու հանկարծ ավելի երկար ապրել՞։ Թե՞ ավելի հարմար է աջակցել միայն նրանց, ովքեր արդեն հրաշքով հաղթահարել են համակարգի բոլոր փորձությունները։ Արդյոք պետության նպատակը արժանապատիվ ծերություն ապահովե՞լն է, թե՞ բացառիկ տոկունության համար պարգևատրելը։

 

Leave a Comment