6 փետրվարի 2026 – 18:46 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է, որ ԵՄ-ն սպառնալիքներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար:
Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Հայաստանը կարող են համագործակցել՝ միասին դիմագրավելու արևմտյան երկրներից բխող հիբրիդային սպառնալիքները, հայտնում է Radar Armenia-ն:
Դեսպանը շեշտել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ վարում է բացահայտ թշնամական քաղաքականություն և նման ուղերձներ է փոխանցում նաև իր գործընկերներին։ Ըստ Կոպիրկինի՝ արևմտյան երկրներից ֆինանսավորվող ոչ կառավարական կառույցները գործուն ջանքեր են գործադրում հայ-ռուսական հարաբերությունների վարկաբեկման ուղղությամբ։
«Այս առումով, կարծում եմ, մենք կարող ենք նաև համագործակցել և երկխոսություն սկսել մեր հայ գործընկերների, մեր ընկերների հետ՝ մեր հարաբերություններին ուղղված հիբրիդային սպառնալիքները չեզոքացնելու համար», – ասել է դեսպանը։
«Ռուսաստանը հարգում է Հայաստանի՝ գործընկերներ և ինտեգրացիոն վեկտորներ ընտրելու ինքնիշխան իրավունքը, սակայն հանրապետության իշխանությունները պետք է հաշվի առնեն Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության իրողությունները»,- հավելել է նա:
Կոպիրկինը նաև նշել է, որ Ռուսաստանի մոտեցումն այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմում, քանի որ, ըստ նրա, ՀԱՊԿ անդամության սառեցման որևէ մեխանիզմ գոյություն չունի։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին՝ ընդգծելով, որ այն հակասում է ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին, սակայն Մոսկվան պատրաստ է հարգել Երևանի ցանկացած որոշում։