Ծառուկյաններին առնչվող քրգործն ուղարկվել է դատարան

Ծառուկյաններին առնչվող քրգործն ուղարկվել է դատարան

6 փետրվարի 2026 – 18:38 AMT

PanARMENIAN.Net – ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի դեմ 2025-ի վերջին հարուցված քրեական գործը՝ փոխանցվել է դատարան։

Ամուսիններին ներկայացվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատական ակտի չկատարման համար։ Քննարկվող դեպքը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կիրառված հայցի ապահովման միջոցների պայմաններում գույքի օտարմանը, հայտնում է Factor.am-ը:

Ըստ մեղադրանքի՝ Ծառուկյանները, մի շարք այլ գույքերի հետ միասին, օտարել են նաև Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊԸ-ն, որը գտնվում էր արգելանքի տակ։

2024 թվականի փետրվարի 19-ին Կոտայքի մարզի նոտարական տարածքում նրանք լիազորագիր են տրամադրել Դավիթ Մանթաշյանին՝ «Գոռնա բանյա շշալցման ընկերության» բաժնետոմսերն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքի շրջանակում։ Արդյունքում, 2024-ի մարտի 8-ին Մանթաշյանը վաճառել է բուլղարական ընկերության՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող 90% և Ջավահիր Ծառուկյանին պատկանող 10% բաժնեմասերը՝ ընդհանուր մոտ 10.5 միլիարդ դրամին համարժեք 23.8 միլիոն եվրոյով։ Գնորդները եղել են Գագիկ Սայադյանն ու Ցվետանկա Վալչևան։

Նախաքննության փուլում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ Ջավահիր Ծառուկյանի հանդեպ՝ գրավ՝ 10 միլիոն դրամի չափով։

Գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտք է արվել 2026-ի հունվարի 15-ին, և այն քննելու է դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Ծառուկյանների և նրանց հետ առնչվող անձանց դեմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատավարությունը Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է դեռևս 2023 թվականից։

Leave a Comment