6 փետրվարի 2026 – 17:36 AMT
PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն։
«Չեմ ուզում հեռակա բանավեճի տպավորություն ստեղծվի, երբ ես փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը, հայտնում է Aysor.am-ը:
Սարգսյանը նշել է, որ որևէ գործով չի անցնում:
«Ես որևէ գործով չեմ անցնում, չեմ անցել։ ՔՊ-ն իմ ներկայությամբ որևէ քննարկման ժամանակ ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի, գործարքի կամ նման երևույթի մեջ։ Մամուլից եմ տեղեկացել, որ վարչության որոշ անդամներ իբր իմ բացակայությամբ ինձ մեղադրել են ինչ-որ կոռուպցիոն գործերի մեջ։ Եթե այդպիսի բան եղել է, ուրեմն դա ՔՊ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է»,-ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ իր թիկունքում դավեր չեն նյութվում։
«Չկա որևէ դավ, եթե կա էլ՝ ես դրա մասին տեղյակ չեմ»,- նշել է Սարգսյանը։
Պատգամավորը վստահեցրել է, որ իր դեմ որևէ մեղադրանք չկա, իսկ եթե կա, ապա կոչ է արել իր գործընկերներին այն հրապարակել։
«Բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումն ուղիղ բխում է իմ շահերից»,– ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՔՊ-ն չի հանդուրժելու ոչ կանոնավոր և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողություններ։ Այդ հայտարարության համատեքստում նա հիշատակել էր Հայկ Սարգսյանին՝ նշելով, որ նրան ամիսներ առաջ հայտարարվել է խիստ նկատողություն, որը ունեցել է կոնկրետ պատճառ, և դրան հաջորդել են իրավական ընթացակարգեր։