ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի Միջազգային աստղագիտական միության CAP կոնֆերանսը

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի Միջազգային աստղագիտական միության CAP կոնֆերանսը

6 փետրվարի 2026 – 17:43 AMT

PanARMENIAN.NetՄայիսի 25-29-ը Երևանում կանցկացվի Միջազգային աստղագիտական միության «Աստղագիտության հաղորդակցությունը հանրության հետ» խորագրով միջազգային CAP 2026 համաժողովը, որը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ։ Համաժողովը կհյուրընկալի մոտ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հայտնել է, որ միջոցառմանը կմասնակցեն աստղագետներ, ուսուցիչներ, հաղորդակցության մասնագետներ, լրագրողներ ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հայտնում է Արմենպրեսը:

«Մասնակցելու են աստղագետներ, ուսուցիչներ, աստղագիտության ոլորտում հաղորդակցության կազմակերպման մասնագետներ, լրագրողներ և այլ մասնագիտացում ունեցող մարդիկ: Ընդհանուր առմամբ, շուրջ 200 մասնակից ենք ունենալու: Սա հատուկ միջոցառում է, որն անցկացվում է երկու տարին մեկ: Նախատեսված է նաև առցանց մասնակցություն: Սա լինելու է աստղագիտության մասսայականացման մեթոդների քննարկման հարթակ: Նպատակն է՝ նպաստել աստղագետների, հասարակայնության հետ կապերի մասնագետների և լրագրողների միջև փորձի փոխանակմանը»,- տեղեկացրել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Համաժողովի կազմակերպիչներն են Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը։ Գիտական կազմակերպչական կոմիտեի կազմում են Սամիր Դհուրդեն (Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջհամալսարանական կենտրոն, կոմիտեի նախագահ), Ավիվա Յամանին և Նաոմի Ասաբրե Ֆրիմպոնգը (ՄԱՄ-ի աստղագիտության տարածման գրասենյակից՝ համանախագահներ), Արեգ Միքայելյանը և այլ երկրների ներկայացուցիչներ։

Բացի CAP 2026 համաժողովից, նախատեսվում են աստղագիտական այլ միջոցառումներ։ Սեպտեմբերի 14-18-ը կկայանա Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Մեր անկայուն Տիեզերք»-ը խորագրով։

Նույն տարում նախատեսվում է գործարկել նաև Բյուրականի աստղադիտարանի նորաստեղծ աստղացուցարանը և հայտարարել Հայ աստղագիտության պատմության թանգարանի պաշտոնական բացումը։

Համաժողովի կազմակերպիչ և հովանավոր կառույցների թվում են ՄԱՄ C2 հանձնաժողովը, աստղագիտության տարածման գրասենյակը, Բյուրականի աստղադիտարանը, ՄԱՄ-ի Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը, Հայկական աստղագիտական ընկերությունը (ArAS) և Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ArVO)։

Leave a Comment