6 փետրվարի 2026 – 17:50 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է՝ լուծելու դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող վարորդների միգրացիոն սահմանափակումների խնդիրը, հայտնում է Factor.am-ը:
«Կապ ենք հաստատել ՌԴ ներքին գործերի նախարարության հետ, դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող վարորդների հետ էլ ենք կապվել, 90 օրը 180 պետք է դառնա»,– նշել է նա:
Նրա խոսքով, փոփոխությունն իրականացվելու է կառավարության որոշմամբ։
«Դա լինելու է կառավարության որոշմամբ, շատ ավելի արագ։ Որոշումն արդեն շրջանառված է, սպասում ենք արդյունքների»,- հավելել է նախարարը։
Փետրվարի 5-ին Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Քննարկվել են նաև օտարերկրյա քաղաքացիների՝ մասնավորապես ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ-ում գտնվելու նոր սահմանափակումների հետ կապված հարցեր։
Ռուսաստանի օրենսդրական փոփոխություններով՝ 2025 թվականի հունվարի 1-ից, այն քաղաքացիները, ովքեր ՌԴ են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակով, չեն կարող գտնվել երկրի տարածքում ավելի քան 90 օր մեկ օրացուցային տարվա ընթացքում։ Սա փաստացի նշանակում է, որ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար մնալու ժամկետը կրկնակի կրճատվել է։
Հայաստանի կառավարությունը, հաշվի առնելով բեռնափոխադրումների բնույթն ու վարորդների ռեժիմը, աշխատում է այս սահմանափակումը մեղմելու ուղղությամբ։