Օրերս Վաշինգտոնում անցկացվեց
ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious
Freedom Summit), որին մասնակցում էին նաև Հայաստանից ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ներկա է եղել «Աշխարհիկ
մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը, ինչպես
նաև «Մեր ձևով» շարժումը ներկայացնող, փաստաբան Արամ Վարդևանյանը, որն այնտեղ դատարկ
դահլիճում է ելույթ ունեցել և, ինչպես միշտ, քննադատել ու վատաբանել Հայաստանի իշխանություններին։
Ստեփան Սարգսյանը, որը դեռ գտնվում
է Միացյալ Նահանգներում, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նույնպես ներկա է գտնվել
այդ միջոցառմանը, ասաց, որ Վարդևանյանի ելույթի ժամանակ սրահը գրեթե դատարկ էր, իր
ելույթն էլ որպես զեկույց չէր ներկայացվում, ուղղակի պաշտոնական ելույթներից զատ՝ հավելյալ
տեսակետ կամ դիրքորոշում էր արտահայտում, իսկ դա էլ հնարավոր էր եղել, որովհետև «Մեր
ձևով» շարժումը այդ միջոցառման ժամանակ հանդես էր եկել որպես հովանավոր, և դրա դիմաց
այս ելույթի հնարավորությունն էր ընձեռվել։ Ստեփան Սարգսյանի խոսքով՝ ելույթի մի մասը
նվիրված էր Սամվել Կարապետյանի կալանավորմանը։
«Ելույթի մյուս՝ մեկ երրորդ մասում խոսվեց այն մասին,
որ Հայաստանում ձերբակալված են տարբեր հոգևորականներ, ու շատ կողմնակալ, ես կասեի՝
շատ կիսատ տեղեկություն տրամադրվեց, որովհետև ձերբակալումը ներկայացվեց որպես քրիստոնեության
ու խղճի, հավատքի ազատության դեմ ոտնձգություններ, հետապնդումներ՝ Հայաստանի իշխանությունների
կողմից։ Չնշվեց հայ եկեղեցու տասը կարևորագույն սրբազանների, հոգևոր հովիվների մասին,
որոնք իրենց դիրքորոշմամբ են հանդես եկել հանրայնորեն»,- ասաց Ստեփան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Վարդևանյանի ելույթի
նկատմամբ այն աստիճան էր անտարբերությունը, որ նույնիսկ դահլիճի նախասրահում մարդիկ
զրուցում էին, ծիծաղում, և այնքան աղմկոտ էր, որ Արամ Վարդևանյանը ստիպված էր նեղսրտած
դադար առնել, որպեսզի նախասրահում լռեն, ու ինքը շարունակի խոսել։
«Ես շփվել եմ ոչ հայ, հատկապես
ամերիկյան բազմաթիվ ՀԿ-ների ու պաշտոնյաների հետ ու այս օրերին էլ խոսում եմ բոլորի
հետ, և որևէ մեկն այնպիսի տպավորություն չունի, որ Հայաստանում կա խնդիր՝ հավատքի,
կրոնի հետապնդման հետ կապված։ Նրանք ոչ միայն Հայաստանի մասին նման բան չեն խոսում,
այլ նաև շատ տպավորված են մեր՝ նոյեմբերի 15-ի նախաճաշով, իրենց ողջույններն են ուղարկում
և Հայաստանին, և կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Ստեփան Սարգսյանը։
Դիտարկմանը՝ լուրեր են շրջանառվում,
որ Հայ դատը համագործակցում է «Մեր ձևով» շարժման հետ և աջակցել է, որպեսզի Արա Վարդևանյանը
իր ելույթում առաջ քաշի նրանց թեզերը, Ստեփան
Սարգսյանն ասաց, որ Հայ դատը, որը Դաշնակցության լոբբիստական թևն է Վաշինգտոնում, իր
քաղաքական դիրքորոշմամբ համախոհ է ու դաշնակից Սամվել Կարապետյանի ստեղծած ուժին։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան