Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես եկող հայ գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության օգտագործման կապակցությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի կոմիտեն այդ երաժշտական ստեղծագործության կիրառումը համարել է «քաղաքական բնույթի» և այդ դիրքորոշման մասին տեղեկացրել է ՄՕԿ-ին։
Դիմումում նշվում է, որ, ըստ ադրբեջանական կոմիտեի, «նման տարրերը հակասում են օլիմպիական կանոնադրության սկզբունքներին, որոնք նախատեսում են քաղաքական և գաղափարական խորհրդանիշների անթույլատրելիություն»։
Ադրբեջանական կողմի վարկածով՝ Օլիմպիական խաղերը պետք է մնան քաղաքականությունից դուրս, իսկ ՄՕԿ-ը կոչված է ապահովելու մրցումների չեզոք բնույթը։
Իտալիայում փետրվարի 6-ի երեկոյան կմեկնարկեն Ձմեռային օլիմպիական խաղերը։ Օլիմպիադան կշարունակվի մինչև փետրվարի 22-ը։ Մրցումներին կմասնակցի ավելի քան 2900 մարզիկ՝ 92 ազգային հավաքականից, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներ՝ չեզոք կարգավիճակով։ Ամենամեծ ներկայացվածությունը կունենան ԱՄՆ-ի, Կանադայի և Իտալիայի հավաքականները։
