Պապոյան․ ՀՀ-ն ու Ադրբեջանն ապրանքների ցանկեր են փոխանակել

Պապոյան․ ՀՀ-ն ու Ադրբեջանն ապրանքների ցանկեր են փոխանակել

6 փետրվարի 2026 – 17:22 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ներկայում Ադրբեջանից Հայաստան ներմուծվում է միայն նավթամթերք՝ բենզին և դիզելային վառելիք, սակայն հայկական արտադրանք առայժմ Ադրբեջան չի արտահանվել։

«Այս պահին ադրբեջանական ծագման երկու արտադրանք է մուտք գործել Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը։ Հայկական ծագման արտադրանք առայժմ չկա։ Սակայն կողմերը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ադրբեջանական կողմը մեզ ներկայացրել է բավականին երկար ցանկ, մենք՝ նրանց։ Կարծում ենք, որ ժամանակի ընթացքում գործարար միջավայրը կարձագանքի այդ հնարավորություններին»,-ասել է Պապոյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նրա խոսքով, առևտրային գործընթացների սահմանափակ բնույթը պայմանավորված է մի քանի գործոններով:

«Նախ՝ շուկաները դեռևս միմյանց համար բավականին անծանոթ են․ ինչպես մեր շուկան՝ նրանց, այնպես էլ նրանց շուկան՝ մեզ համար։ Այս գործընթացը ժամանակ է պահանջում և, բնականաբար, ավելի շատ գտնվում է մասնավոր հատվածի տիրույթում։ Պետության դերը պայմաններ ստեղծելն է՝ քաղաքական պայմանավորվածությունների, ճանապարհների բացման, երկաթուղային հաղորդակցության գործարկման և այլ քայլերի միջոցով։ Այդ պայմանների մի զգալի մասն արդեն ստեղծվել է, սակայն ոչ ամբողջությամբ։

Օրինակ՝ դեռևս չկա ուղիղ երկաթուղային հաղորդակցություն, բայց այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է և ակնհայտ է, որ մի քանի տարի անց այն կիրականանա։ Խոսքը վերաբերում է նաև TRIPP-ի գործարկմանը։ Մինչ այդ, հնարավոր է կիրառվեն նաև այլ գործիքակազմեր։

Կամ՝ ուղիղ ճանապարհային հաղորդակցություն կա, սակայն ադրբեջանական կողմը դեռ չի օգտվում մեր ճանապարհներից՝ օրինակ, ապրանքները Հայաստանի տարածքով Թուրքիա տեղափոխելու կամ հակառակը։ Այս ամենը ցույց է տալիս, որ գործընթացը ժամանակատար և բարդ է»,-եզրափակել է Պապոյանը։

Պապոյանը նաև հայտնել է, որ հիմա երկու ապրանք կա, քննարկում, բանակցում են Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի։ Ըստ նրա, վերջնական համաձայնության դեպքում միայն կբացահայտվի, թե կոնկրետ որ ապրանքների մասին է խոսքը, հայտնում է 1lurer.am-ը:

«Բիզնեսմենը մեզ ասում է, ենթադրենք, ուզում ենք այս ապրանքը բերել: Մենք սկսում ենք խոսել գործընկերների հետ, ստանում ենք համաձայնություն, հաստատում ենք, ասում ենք՝ այս ապրանքն էլ կարող ենք բերել»,- ասել է նախարարը:

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:

Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։

Leave a Comment