ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներն առաջիկա ժամերին ուղիղ բանակցություններ կանցկացնեն Օմանում՝ ճգնաժամի կտրուկ սրման և երկու երկրների միջև ուղղակի ռազմական բախման մտավախությունների ֆոնին: Այս մասին հայտնում է BBC-ն։
Բանակցություններում ԱՄՆ-ը կներկայացնեն հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, իսկ իրանական պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Աղբյուրների տվյալներով՝ կողմերը նախկինի պես հեռու են համաձայնությունից։ Վաշինգտոնը պահանջում է սառեցնել Իրանի միջուկային ծրագիրը, հրաժարվել հարստացված ուրանի պաշարներից, ինչպես նաև քննարկել հրթիռային ծրագիրը և Թեհրանի աջակցությունը տարածաշրջանային զինված խմբավորումներին: Իրանը պնդում է, որ երկխոսությունը սահմանափակվելու է բացառապես միջուկային թեմատիկայով։
Բանակցություններն ընթանում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումից և Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններից հետո, որն ավելի վաղ սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանին համաձայնության բացակայության դեպքում: Թեհրանն իր հերթին հայտարարել է հնարավոր հարձակմանը ուժով պատասխանելու պատրաստակամության մասին:
Սրանք ԱՄՆ-ի և Իրանի առաջին ուղիղ շփումներն են անցյալ տարի Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտությունից և իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո: Թեհրանը հայտարարում է, որ հարձակումներից հետո ուրանի հարստացումը դադարեցվել է։
