«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայողներն ատեստավորման լրացուցիչ քննություն չեն հանձնի

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայողներն ատեստավորման լրացուցիչ քննություն չեն հանձնի

6 փետրվարի 2026 – 15:59 AMT

PanARMENIAN.Net – Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման պայմանները։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն իրականացնող զինծառայողներին համարել ատեստավորված՝ հիմնվելով ուսումնական փուլի ավարտին հանձնված ավարտական քննությունների արդյունքների վրա, հայտնում է «Փաստինֆոն»:

Սա կկիրառվի այն դեպքերում, երբ զինծառայողը նշանակվել է իր ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխան պաշտոնի։

«Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատությունն ավարտած ու համապատասխան պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարն հաշվարկվելու է պաշտոնին նշանակվելու օրվանից»,-ասել է նա:

Պապիկյանն նշել է, որ այս պահին արդեն 4000-ից ավելի անձ անցել է պայմանագրային զինծառայության, և նման ծառայության ներգրավվածության աճ նկատվում է։

«Առաջարկվում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 5-ամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2-5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն՝ 2 տարվա դեպքում՝ 1.5 մլն, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ»,-ասաց նախարարը։

Leave a Comment