Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվել է․ Նա գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվել է․ Նա գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

6 փետրվարի 2026 – 16:03 AMT

PanARMENIAN.Net – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի խափանման միջոցը վերանայվել է։ Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը և կալանքը փոխարինել է տնային կալանքով, հայտնում է Sputnik Արմենիան:

«Տնային կալանք և բացակայելու արգելք, որի ընթացքում արգելված է ընդունել հյուրեր, հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն և այլն։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի»,– ասված է դատարանի որոշման մեջ։

Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հայտնել է, որ սրբազանի անունից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման հիմքով: Այդ մասին ասվում է պաշտպանական թիմի հայտարարության մեջ:

Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։

Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

Leave a Comment