Սիմոնյան․ Որտե՞ղ եք տեսել արշավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ

Սիմոնյան․ Որտե՞ղ եք տեսել արշավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ

6 փետրվարի 2026 – 14:06 AMT

PanARMENIAN.Net – Այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում որևէ արշավ չի իրականացվում Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Այդ մասին նա ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։

«Իսկ դո՞ւք որտե՞ղ եք տեսել արշավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Եթե նման արշավ եք տեսել, ես կմիանամ Ձեզ, մենք միասին կհեռացնենք այն մարդկանց, որոնք արշավ են իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ»,- ասել է Սիմոնյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նա ընդգծել է, որ որոշ քաղաքական խմբավորումներ փորձում են սեփական շահերը ներկայացնել իբր որպես եկեղեցու դեմ ուղղված գործողություններ։

«Իրականում նման բան չկա։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցավործություններ»,- հավելել է ՀՀ ԱԺ նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

Leave a Comment