6 փետրվարի 2026 – 14:20 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, արձագանքելով այն հարցին, թե արդյոք նախարարությունը գնդերեցներին առաջարկել է միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված եկեղեցու «բարենորոգման օրակարգին», ասել է, որ դա սուտ է և նման բան չկա, հայտնում է Aysor.am-ը:
Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հայտարարել էր, թե պաշտպանության նախարարությունն առաջարկում է պաշտոններ՝ մայորի կոչում և 700 հազար դրամ աշխատավարձ այն հոգևորականներին, ովքեր, ըստ նրա, դրսևորում են ուրացում։
«Աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նախարարի հրամանը բացահայտում է, որ, այո՛, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայ Առաքելական եկեղեկու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը։ Եթե Զինված ուժերին, բանակին ծառայությունն ինչ-որ մեկն ուրացում է համարում, դա իր անձնական գործն է։ Իսկ այդ աշխատավարձի չափը, որ ասում եք, մեծ է, այդքան չէ, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացածից»,-ասել է Պապիկյանը։
Նա նաև հայտարարել է, որ այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չեն, բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն Զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը:
«Բանակում, Զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն»,-ասել է Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:
Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։