Պապոյան. Բոլոր ոլորտներում աճ է գրանցվել, արտահանումն ու ներմուծումը կրճատվել են

Պապոյան. Բոլոր ոլորտներում աճ է գրանցվել, արտահանումն ու  ներմուծումը կրճատվել են

6 փետրվարի 2026 – 14:31 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9․1 տոկոս, մինչդեռ նախորդ՝ 2024 թվականին այդ ցուցանիշը եղել է 8․3 տոկոս։

Ըստ նախարարի՝ տնտեսության բոլոր ուղղություններում արձանագրվել է աճ։ Ծառայությունների ոլորտում աճը գերազանցել է 10 տոկոսը, առևտրի ոլորտում կազմել է 3 տոկոս, գյուղատնտեսության ոլորտում՝ մոտ 6 տոկոս, շինարարության ոլորտում՝ ավելի քան 20 տոկոս, արդյունաբերության մեջ՝ 4.7 տոկոս, իսկ մշակող արդյունաբերության հատվածում՝ 3.3 տոկոս, հայտնում է 1lurer.am-ը:

«Արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որը սանկցիոն մեխանիզմների խստացման հետ է կապված:

Դուք գիտեք, որ ՀՀ կառավարությունը խիստ հետևում է. ցանկացած որոշում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն ընդունում են Ռուսաստանի դեմ՝ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում: Այդ պատճառով այն, ինչ 2023-2024-ին Հայաստանի տարածքով գնացել է, 2025-ին թույլ չենք տվել, որովհետև այդ առումով սերտ աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ, դրա համար որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում»,- ասել է նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են ներկրումները կատարվում միայն Ադրբեջանից Հայաստան, ասել է, որ Հայաստանը մոտակա 1–2 ամիսների ընթացքում կարող է սկսել ապրանքներ արտահանել Ադրբեջան։

Leave a Comment