Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով, հայտնում է սրբազանի պաշտպանների թիմը:
Գանգատում նշվել են Աջապահյանի՝ անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ժամը 15։00-ին կշարունակվի դատական նիստը: Հրապարակվելու է խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննարկման հետ կապված Վերաքննիչ դատարանի որոշումը: Դատական նիստը դռնբաց է:
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Շիրակի թեմի բանտարկված առաջնորդին դեկտեմբերի 16-ին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրան կվիրահատեն: Սրբազանն ինքն էր նախընտրել այս բժշկական կենտրոնը: Աջապահյանը վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին։
