Սարգսյան․ Վստահ եմ, որ բացի Ռուբեն Վարդանյանից մյուս բոլորին ազատ կարձակեն

Սարգսյան․ Վստահ եմ, որ բացի Ռուբեն Վարդանյանից մյուս բոլորին ազատ կարձակեն

5 փետրվարի 2026 – 18:29 AMT

PanARMENIAN.Net – «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ադրբեջանական դատարանի կայացրած դատավճռիներին Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, նշել է, որ նման որոշում սպասելի էր և ոչ ոք հույս չի փայփայել արդարացման վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանից բացի մյուս բոլորին ազատ կարձակեն:

«Անկախ վճռի խստությունից՝ ես վստահ եմ և համոզված, որ, բացի Ռուբեն Վարդանյանից, ում հարցը այլ հարթության մեջ է և առավելապես առնչվում է ՌԴ-ին, մյուս բոլորին ազատ կարձակեն և կարտահանձնեն ՀՀ-ին՝ որպես բարի կամքի դրսևորում, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, և տա Աստված, որ այդպես լինի»,- գրել է նա:

Նա նաև նշել է, որ ՀՀ-ն Իսրայել չէ, որ իր գերիների համար անգամ մտավ Պաղեստին, բայց կարող է, ունակ է և պարտավոր է ուժեղանալ:

«Ո՞րը պետք է լինի մեր անելիքը։ Պետք է ուժեղանալ` բառիս բուն և ամենալայն իմաստով։ Գլուխներս կախ՝ ստեղծված իրավիճակից և մեզ մեկնած ձեռքից օգտվելով, մեր տնտեսությունը հզորացնենք, իսկ հավելյալ արդյունքը, մեծն Թումանյանի խոսքով, «քոռ ու փուչ» չանենք, այլ էլի և նորից ներդնենք անվտանգության ու տնտեսության մեջ։ Իսրայելը իր գերիների համար անգամ մտավ Պաղեստին։ Իսրայելը կարող է իրեն նման պահվածք թույլ տալ, քանի որ շուրջ 220 միլիարդի բյուջե ունի։ ՀՀ-ն Իսրայել չէ, բայց կարող է, ունակ է և պարտավոր է ուժեղանալ, առավել ևս՝ հնարավորության դուռ կա, և՝ բաց դուռ»,-գրել է նա:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման:

Leave a Comment