Իտալիայի հյուսիսում այսօր երեկոյան մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը, հայտնում է Interfax-ը:
Ըստ ծրագրի՝ արարողությունը Միլանում կսկսվի տեղական ժամանակով 20: 00-ին (Երևանի ժամանակով 23: 00-ին): Բեմում ելույթ կունենան, մասնավորապես, իտալացի երգիչ Անդրեա Բոչելին, հինգ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Մրայա Քերին, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Լաուրա Պաուզինին, իտալացի ռեփեր Կալին և չինացի վիրտուոզ դաշնակահար Լան Լանը: Կմասնակցեն նաև իտալացի դերասաններ Պիերֆրանչեսկո Ֆավինոն, Սաբրինա Իմպաչչատորեն և Մաթիլդա դե Անջելիսը: Բացման արարողության թեման կլինի «հարմոնիան»։ Մուտքի տոմսի արժեքը սկսվում է 260 եվրոյից և հասնում է 2000 եվրոյի։
Բացման արարողությանը ներկա կլինեն մի շարք երկրների իշխանությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, փետրվարի 5-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշուի և նրանց երեխաների հետ ժամանել է Իտալիա, որտեղ ներկա է գտնվել ԱՄՆ-ի հոկեյի կանանց թիմի՝ Չեխիայի դեմ խաղին: Նրանցից բացի, բացման արարողությանը ներկա կլինեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտան:
Արարողությանը ներկա կլինեն նաև Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան և ՄՕԿ նախագահ Կիրստի Քովենթրին:
Օլիմպիադան կշարունակվի մինչև փետրվարի 22-ը, որին կմասնակցեն ավելի քան 2900 մարզիկներ 92 ազգային հավաքականներից, ինչպես նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից:
Ամենամեծ թվով մարզիկներ կներկայացնեն ԱՄՆ-ի, Կանադայի և Իտալիայի հավաքականները:
25-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:
