Սիմոնյանն ու Մատվիենկոն անդրադարձել են հայ վարորդների խնդիրներին

Սիմոնյանն ու Մատվիենկոն անդրադարձել են հայ վարորդների խնդիրներին

6 փետրվարի 2026 – 10:24 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերություններին, միգրացիոն հարցերին և տարածաշրջանային զարգացումներին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանմամբ ու զարգացմամբ:

Նա ասել է, որ հայ հանրությունը երբեմն շատ սուր է արձագանքում Մոսկվայից հնչող որոշ հայտարարություններին, քանի որ ՌԴ-ն կարևոր է ՀՀ համար: Նա ասել է, որ նման հայտարարությունները մտահոգում են հայ հանրությանը և որ այդ հարցը քննարկել է նաև ՌԴ դեսպանի հետ:

Leave a Comment