Մատվիենկո. Պատրաստ ենք որպես դիտորդ ներկա լինել ՀՀ ԱԺ ընտրություններին՝ հրավերի դեպքում

Մատվիենկո. Պատրաստ ենք որպես դիտորդ ներկա լինել ՀՀ ԱԺ ընտրություններին՝ հրավերի դեպքում

6 փետրվարի 2026 – 10:37 AMT

PanARMENIAN.Net – ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը դիտարկվում է որպես տարածաշրջանային կայունության կարևոր հենասյուն։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի բարեկամության բազմադարյա ավանդույթներն ամրապնդվեն։ Դա բխում է մեր ժողովուրդների և պետությունների շահերից, էական ներդրում է ունենում խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի կառուցման գործում»,- ասել է Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով ՀՀ-ում կայանալիք ընտրություններին՝ Մատվիենկոն ասել է, որ ՌԴ պատգամավորները պատրաստ են որպես դիտորդ հանդես գալ Հայաստանում՝ «հայկական կողմի հրավերի դեպքում»:

«Ընտրությունները ցանկացած պետությունում շատ կարևոր քաղաքական իրադարձություն են երկրի կյանքում։ Եվ նախընտրական արշավները միշտ սուր են, քննարկումների տեղիք տվող։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, զարգացած, որ երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև մենք շատ ենք գնահատում մեր կապերը հայ ժողովրդի հետ, միշտ գնահատել ենք ու շարունակում ենք գնահատել», – ասել է Մատվիենկոն։

Նա նշել է նաև, որ Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա դիտարկվում է որպես բարձր մակարդակով երկխոսության շարունակություն։ Մատվիենկոն ընդգծել է, որ այդ շփումների ինտենսիվությունը 2025 թվականին ակնհայտորեն աճել է։

Իր հերթին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ազգային ժողովը միտված է երկխոսության խորացմանն ու երկկողմ շահավետ գործընկերության զարգացմանը երկարաժամկետ հեռանկարում։ Նա ընդգծել է, որ 2025 թվականին հայ-ռուսական երկխոսությունն ակտիվ ընթացք է ստացել, իսկ երկու երկրների ղեկավարների շփումները շարունակվում են։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին:

Leave a Comment