Սիմոնյան. ՀՀ-ն չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողմը կամ գործել որևէ մեկի դեմ

Սիմոնյան. ՀՀ-ն չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողմը կամ գործել որևէ մեկի դեմ

6 փետրվարի 2026 – 10:57 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի վարելու հավասարակշռված արտաքին քաղաքականություն և չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողմը կամ գործել որևէ մեկի դեմ, հայտնում է Արմենպրեսը:

Նրա հայտարարությունն հնչել է ի պատասխան լրագրողի հարցին, որը մտահոգություն է հայտնել, թե «Մոսկվան, որը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության երաշխավորը, կարող է հեռանալ Երևանից, իսկ Եվրոպական միությունը, որը նախընտրում է հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, չի աջակցի Հայաստանին»։

«Ես չեմ կիսում Ձեր կարծիքը։ Կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռված քաղաքականություն վարել։ Հայաստանը ունի իր քաղաքականությունը, իր տեսլականը, հատկապես՝ 2020 թվականի պատերազմից հետո»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։

Նա հավելել է, որ սխալ է այն կարծիքը, թե Հայաստանը փորձում է փոխել իր արտաքին քաղաքական ուղեգիծը մեկ բևեռից դեպի մյուսը՝ հավելելով, որ Հայաստանը չի լինելու որևէ բևեռում և ոչ էլ հակառակ բևեռում։

Սիմոնյանը Մոսկվա մեկնելուց առաջ նաև պատասխանել էր այն հարցին, թե հնարավոր է, որ ռուս պաշտոնյաների հետ քննարկումների ընթացքում Սիմոնյանը շոշափի նաև ՌԴ կողմից Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների հարցը՝ որի մասին նախկինում հրապարակայնորեն արտահայտվել է:

«Կարծում եմ, որ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ ինձ համար, մեր թիմի համար, այդպիսի հարց չկա, որը որ մենք չենք քննարկի, եթե դրա մասին խոսում ենք։ Տիկին Մատվիենկոն երբ որ այստեղ է եղել, բնական է, ես ասել եմ։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ մեր մտահոգությունները ասել եմ։ Դեսպանն ԱԳՆ հրավիրվել է, և դրա հետ կապված իրեն ամեն ինչ ասվել է։ Եթե դրա առիթը լինի, եթե դրա կարիքը լինի, ես չեմ կարծում, որ կրկնում եմ, որևիցե մեկի մոտ կասկած կա, որովհետև թե բարձր ասում ենք, հիմա ես ձեր եթերում ասում եմ կամ Ազգային ժողովի ամբիոնից ասում եմ»,-նշել է ԱԺ նախագահը:

Leave a Comment