Ալեն Սիմոնյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանին – Armenia Today

Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը դատի է տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հունվարի 29-ի ասուլիսին իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Քոչարյանին ասուլիսին լրագրողը հիշեցրել էր Սիմոնյանի հայտարարությունը՝ Քոչարյանի կառֆավարման տարիներին բանակի վիճակի մասին՝մեջբերելով, որ, ըստ ԱԺ նախագահի, սնունդն ու ջուրը նորմալ չէին մատակարարվում, սպաները նվաստացնում էին զինվորներին։ Քոչարյանն ի պատասխան նշել էր, որ Սիմոնյանն «ինչ ասես դուրս է տալիս»։

«Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Սիմոնյանը, ո՞ւր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ, որ նույնիսկ նորմալ ծառայել է, նման լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,- ասել էր Քոչարյանը։

Սիմոնյանը դատարանից պահանջել է Քոչարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից «վիրավորական արտահայտությունների համար», այն հրապարակել  Ֆեյսբուք սոցիալական կայքում, անհնարինության դեպքում առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում։

ԱԺ խոսնակը պահանջել է հօգուտ իրեն Քոչարյանից բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։ Բացի այդ, Սիմոնյանը պահանջել է Քոչարյանից բռնագանձել նաև 530 000 դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 դրամը փաստաբանի վարձատրության գումարն է, 50 000-ը՝ պետական տուրքի գումարը:

Leave a Comment