Խուլ ու համր ձևանալով՝ խրախուսում ենք իշխանություններին լինել է՛լ ավելի ռեպրեսիվ․ Գառնիկ Դանիելյան

Ընդդիմության ներկայացուցիչները այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց՝ Հայաստանում և Բաքվում պահվող քաղբանտարկյալների ազատման պահանջով։

Ցույցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի՝ ՀՀ խորհրդարան այցին զուգահեռ։

Հանրահավաքին մասնակցում են Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և այլ անհատներ, որոնք հանդես են գալիս Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող անօրինական դատավարության դեմ։

Ցույցի մասնակիցներն ԱԺ շենքի դիմաց բերել են Հայաստանում և Բաքվում գտնվող հայ քաղբանտարկյալների պաստառները։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ միջազգային կառույցները երկակի ստանդարտներ են կիրառում՝ ցույց տալու համար, որ ՀՀ ժողովրդի կյանքը, ազատություններն ու իրավունքները երկրորդական են, որովհետև այստեղ ունեն «խամաճիկային իշխանություն»։

«Մեր նպատակն ու գերխնդիրն է ցույց տալ, որ չենք համակերպվելու։ Չենք մոռանալու այստեղ քաղաքական բանտակյալների առկայության մասին, որոնք բանտում են իրենց քաղաքացիական դիրքորոշման համար»,- ասել է նա։

Մկրտչյանը հավելել է, որ լուծումը մեկն է՝ եթե չլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում չեն լինի քաղբանտարկյալներ, նաև կկարողանան հետ բերել հայերին Բաքվի բանտերից։

Ակցիայի ընթացքում Տեր Փառեն քահանա Առաքելյանն ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցին դեմ է անարդարությանն ու ապօրինությանը, ինչի ականատեսն են երկրում և երկրից դուրս։

«Այսօր մեր եղբայրներն ու հայրերը գտնվում են անազատության մեջ՝ անհիմն կերպով, ուստի մեր պարտքն է մեր խոսքը հղենք մարդկանց, ովքեր մեզ լսում են»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ երբ բանակից դուրս են բերում հոգևոր հովվությունը, դա բանակի դեմ չէ, այլ՝ հայ ժողովրդի։

«Նրանք էլի իրենց ծառայությունը շարունակելու են, էլի աղոթելու են, որտեղ էլ լինեն»,- ասել է նա։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծել է, որ մարդու իրավունքները դարձել են առևտրի առարկա։

«Միջազգային կառույցների լռությունը չեզոքություն չէ, համաձայնություն է անարդարության հետ։ Ձեր լռությունը գին ունի, որը վճարում են ՀՀ և Արցախի քաղաքացիները, Հայաստանի և Բաքվի բանտերում ազատազրկված մեր հայրենակիցները»,- ասել է նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ ՀՀ-ում ազատ խոսքը քրեականացված է։

«Մեր բողոքի ձայնն ենք բարձրանում, և միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամենին։ Մեր կոչն է, որ աչք չփակեն, խուլ չձևանան՝ դրանով խրախուսելով ՀՀ իշխանություններին»,- ընդգծել է նա։

Leave a Comment