Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մեկնաբանել է եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը և ընդդիմադիրների կալանավորումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալված քննարկումները, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և ընդդիմադիր գործիչների կալանավորումը։

Նա հերքել է այն պնդումները, որ երկրում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավ է տարվում և կոչ է արել առանձին մարդկանց չասոցաացնել եկեղեցու հետ։ Նա պնդել է, որ տեղի ունեցողն օրենքի սահմաններում է։ «Ես Հայաստանում չգիտեմ ավելի հավատացյալ իշխանություն, քան գործողն է»,- նշել է նա։

Մեկնաբանելով Սամվել Կարապետյանի և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները՝ խորհրդարանի նախագահը հերքել է այն պնդումները, որ Կարապետյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի։ «Ե՞րբվանից է սա դարձել քաղաքական», – ասել է նա՝ հավելելով, որ սպառնալիքները, բռնի գործողությունների քննարկումները և անկայունացման փորձերը չեն կարող համարվել քաղաքական գործունեություն։

Սիմոնյանը նաև չի կապել հոգևորականների և ընդդիմադիր բլոգերների կալանավորումը իշխանությունների կողմից քաղաքական հակառակորդների դեմ գործողությունների հետ՝ ընդգծելով, որ նման դեպքերը, նրա խոսքով, ամբողջ աշխարհում համարվում են օրինական։

Սիմոնյանը Մատվիենկոյի հետ քննարկել էր քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային հարցեր՝ շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ ՀՀ Ազգային ժողովի նախագահը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններով և մտադիր չէ քայլեր ձեռնարկել նրա դեմ։

Leave a Comment