ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններով և մտադիր չէ քայլեր ձեռնարկել նրա դեմ։
«Մտածել, թե մեզ հետ կարող է գործել «կամ մեզ հետ ես, կամ՝ մեր դեմ» մոտեցումը, մեզ համար ընդունելի չէ և չի լինելու»,- ընդգծել է Սիմոնյանը։
Նա նաև նշել է Ադրբեջանի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը և խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշմանը՝ Սիմոնյանը նշել է, որ հայկական կողմի մոտ կան հարցեր, որոնք մինչ այժմ անպատասխան են մնացել:
«Մեր դիրքորոշումը ձեզ հայտնի է։ Մենք ունենք հարցեր, որոնց պատասխանները դեռ չենք ստացել։ Դրանք բազմիցս բարձրաձայնվել են, և մեր գործընկերները լավատեղյակ են դրանց»,- ասել է նա։
ԱԺ նախագահը հայտնել է, որ Երևանում մտահոգություն է առաջացնում Մոսկվայից հնչող հրապարակային հռետորաբանությունը։
Նրա խոսքով՝ դա անհանգստացնում է ոչ միայն իշխանություններին, այլև հայկական հասարակությանը։ Սիմոնյանը նշել է, որ նման հայտարարությունները ցավոտ են ընկալվում, քանի որ Մոսկվան շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցը, իսկ հանրային կարծիքը երկրում զգայուն է նման ձևակերպումների նկատմամբ։ Միաժամանակ ԱԺ նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ որ հայտարարությունների մասին է խոսքը։
Սիմոնյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Նրա խոսքով՝ Երևանը ընտրություն չի կատարում Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև, այլ փորձում է գտնել լուծումներ, որոնք կարող են շահավետ լինել բոլոր կողմերի համար։
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասը 2025-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 15 մլն եվրո՝ երկրի կայունության ամրապնդման և խաղաղությանն ուղղված նախագծերի աջակցման համար։ Կալասը նաև նշել էր, որ ընտրություններին ընդառաջ Հայաստանը «բախվում է Ռուսաստանի հետ կապված ապատեղեկատվական արշավների», որոնք, նրա խոսքով, նման են Մոլդովայում նախկինում արձանագրված դեպքերին։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու որոշման ժամանակ պետք է հաշվի առնի միության փոփոխությունները, որը տնտեսական բլոկից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի:
Կարդացեք նաև՝
