Կաթողիկոսը փոխել է Հայ Եկեղեցու պաշտոնական անունը․ ծանր մեղադրանքներ Էջմիածնի հասցեին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կաթողիկոսը փոխել է Հայ Եկեղեցու պաշտոնական անունը․ ծանր մեղադրանքներ Էջմիածնի հասցեին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայր աթոռի կողմից կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Radar Armenia-ի հետ զրույցում հայտարարել է՝ կաթողիկոսը փոխել է Հայ եկեղեցու պաշտոնական անունը։ Տեղի ունեցածը նա բնութագրել է որպես դավանաբանական ուրացում, հակականոնական քայլ։

Եպիսկոպոսի խոսքով՝ խնդիրը ծագել է այն բանից հետո, երբ Հայ առաքելական եկեղեցին որոշ ընդդիմադիր շրջանակների համար վերածվել է գործիքի՝ միաժամանակ սպասարկելով նաև օտար շահեր։

Սարոյանն ասում է՝ վերջին ուսումնասիրությունները բացահայտում են Հայ եկեղեցու դավանական ինքնության խաթարմանն ուղղված խորքային, վտանգավոր գործընթաց․

«Կաթողիկոսը մի գրչի հարվածով փոխել է Հայ եկեղեցու պաշտոնական անունը»,- նշում է նա։

Սարոյանի պնդմամբ՝ 2018թ․ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ստորագրվել և հաստատվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կանոնադրությունը, որտեղ Հայ եկեղեցու պաշտոնական անվանումը գրանցվել է որպես «Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցի»։ Սա, ըստ Սարոյանի, ոչ միայն հակասում է Հայ եկեղեցու հազարամյակների դավանական ուղուն, այլև՝ կոպտորեն խախտում եկեղեցական իրավունքը.

«Հայ Եկեղեցու պաշտոնական անունը՝ Հայաստանյաց առաքելական եկեղեցի, դարերի ընթացքում սրբագործված պատմական տիտղոս է։ Որևէ մեկը իրավունք չունի այդ անվան վրա հավելում անել՝ առանց ազգային եկեղեցական ժողովի որոշման և կաթողիկոսի կոնդակի»,- ասել է նա։

Սարոյանը հիշեցնում է 1953թ․ Գևորգ 6-րդ կաթողիկոսի պաշտոնական շրջաբերականը, որով խստիվ արգելվում էր «օրթոդոքս» մակդիրի կիրառումը Հայ եկեղեցու պաշտոնական անվան մեջ։ Շրջաբերականում հստակ նշվում էր, որ «օրթոդոքս» եզրույթը հատուկ է հունական և ռուսական եկեղեցիներին ու դրանց ճյուղերին, և անընդունելի է Հայ եկեղեցու համար։

«Օրթոդոքս եզրույթի ներմուծումը Հայ եկեղեցու անվան մեջ պատմական և դավանական խեղաթյուրում է, որի դեմ դեռ 20-րդ դարի կեսերին կոշտ դիրքորոշում է արտահայտվել»,- ասում է նա։

Սարոյանի խոսքով՝ Հայ եկեղեցին 5-րդ դարից ի վեր պայքարել է՝ չընդունելու Քաղկեդոնի ժողովը և չձուլվելու ուղղափառ կամ կաթոլիկ աշխարհին։ Այդ պայքարը եղել է ոչ միայն դավանական, այլև՝ ազգային ու պետականության պահպանման պայքար։

«Մենք հասկացել ենք, որ հավատքի միջոցով են ձուլում ժողովուրդներին։ Եթե հայ եկեղեցին կորցնի իր դավանական ինքնությունը, հայ ժողովուրդը շատ արագ կձուլվի»,- ընդգծել է նա։

Սարոյանը շեշտում է, որ Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ պետականության առանցքային հենասյուներից մեկը, իսկ այսօր նրա ուղղափառացման փորձերը ուղիղ սպառնալիք են ազգային ինքնիշխանությանը։

Ըստ նրա, եթե Հայաստանը ուզում են վերածել մարզի, բնական է, որ նախ պիտի ուղղափառացնեն Հայ եկեղեցին։

Սարոյանի կարծիքով՝ պետական իշխանությունները իրավունք չունեն անտարբեր մնալ այս գործընթացների նկատմամբ, քանի որ խոսքը վերաբերում է ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչին։

Սարոյանը հայտարարում է՝ անձինք, որոնք գիտակցաբար մասնակցել են Հայ եկեղեցու պաշտոնական անվան աղավաղմանը կամ, տեղյակ լինելով, լռել են, պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության.

«Սա դավաճանություն է, ուրացում է մեր հայրերի դարավոր պայքարի նկատմամբ։ Կաթողիկոսը և նրա շրջապատը պետք է կարգալույծ հռչակվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն, ընդհուպ՝ պետական դավաճանության հոդվածով»։

Սարոյանը նշում է, որ երկար ժամանակ տարբեր եկեղեցիների ցուցատախտակների վրա նկատել է «Հայ առաքելական ուղղափառ եկեղեցի» ձևակերպումը, սակայն դա վերագրվել է բարերարների նախաձեռնությանը։

«Երբ տեսա, որ դա պաշտոնական փաստաթղթում է՝ կաթողիկոսի ստորագրությամբ ու կնիքով, հասկացա, որ սա պատահականություն չէ, այլ՝ ծրագրավորված քայլ»։

Նա չի բացառում, որ նմանատիպ աղավաղումներ կարող են լինել ոչ միայն Ռուսաստանի թեմի, այլև մյուս թեմերի կանոնադրություններում։ Ասում է՝ հարկավոր է անհապաղ և համապարփակ քննություն։

Նարինե Ղուկասյան

Leave a Comment