5 փետրվարի 2026 – 15:51 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող այն քաղաքացիները, որոնց 100 տարին լրացրել է կամ լրանալու է 2026 թվականին, 1 միլիոն դրամ աջակցություն կստանան: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Գումարը կտրամադրվի 71 անձի:
Որոշման նպատակն է պետականորեն արտահայտել հարգանքն ու երախտագիտությունը այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց մեկդարյա կյանքը նվիրել են ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքի ու հանրային ծառայությանը, հայտնում է Auroranews.am-ը:
«Այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, որն ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում` Հայրենական մեծ պատերազմ, հետպատերազմական բարդ շրջան, երկրաշարժ, 1990-ականների ծանր պատերազմական ժամանակահատված, սոցիալ-տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիաներ։ Այս մարդիկ մեր ազգային հիշողության կենդանի կրողներն են, նրանց կենսագրությունը՝ մեր պատմության մի մասնիկը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Միաժամանակ սահմանվում է, որ այդ գումարը չի տրամադրվի այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են կենսաթոշակի իրավունքը կամ մահացել են մինչև գումարի տրամադրումը։ Բացի այդ, աջակցությունը չեն ստանա նաև նրանք, ում արդեն հատկացվել է նման աջակցություն Երևանի ավագանու կողմից։