«Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում նախատեսվող լրացումները պայմանավորված են լիազորությունների լայն շրջանակ և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություններ ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար բարեվարքության ստուգման կառուցակարգեր ներդնելու անհրաժեշտությամբ: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Ազգային Ժողովից։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի տեղեկացմամբ նախաձեռնությամբ սահմանվում է, որ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, ինչպես նաև նախարարների տեղակալների՝ պաշտոնի ստանձնման հայտարարագիր ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է իրականացնի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն:
«Ուսումնասիրությունը ներառելու է նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների՝ պաշտոնի ստանձնման հայտարարագրերի վերլուծություն՝ համադրված նույն անձանց նախորդ հայտարարագրերի տվյալների հետ, եթե այդպիսիք առկա են»,- ընդգծել է զեկուցողը և հավելել, որ իրականացված բարեվարքության ուսումնասիրության արդյունքների հիման վրա ԿԿՀ-ն պետք է տրամադրի բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություն: Այն պետք է ներառի անձի գույքային դրության և մասնավոր շահերի տեսանկյունից հնարավոր ռիսկերն ու դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկները:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Գևորգ Քոչարյանը նշել է, որ տրամադրվելիք եզրակացությունը չի լինելու հրապարակային:
Կարևորելով նախաձեռնության ընդունումը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է, որ բարեվարքության ստուգում անցնեն խորհրդարանի կողմից նշանակվող բոլոր պաշտոնատար անձինք: Կառավարության ներկայացուցիչն առաջարկն ընդունելի է համարել:
Նիստում հնչել են նաև այլ առաջարկներ, որոնք առաջինից երկրորդ ընթերցում քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում և ստացել դրական եզրակացություն: